Ֆուտբոլի ակադեմիայի թիմը Միլանում է

Ֆուտբոլի ակադեմիայի թիմը Միլանում է

Մայիսի 26-ին Միլանում մեկնարկեց ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրի միջազգային չորրորդ ֆորումը: Հայաստանը այս ֆորումում ներկայացնում է Ֆուտբոլի ակադեմիան: ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի թիմը առաջին անգամ ընդգրկվել է աշխարհի 32 երկրների 32 թիմերի շարքում:

Մայիսի 26-ին մեր թիմը մեկնել է Իտալիա: Արդեն կայացել է ֆուտբոլային մրցաշարի վիճակահանությունը: Ֆուտբոլի ակադեմիայի թիմը ընդգրկվել է F խմբում, որտեղ կմրցի Բուլղարիայի, Հոլանդիայի և Ղրղստանի ներկայացուցիչների հետ: Խմբային փուլը տեղի կունենա մայիսի 27-ին, իսկ մայիսի 28-ին կանցկացվի փլեյ-օֆֆ փուլը, որի արդյունքով կորոշվի մրցաշարի հաղթողը:

ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագիրը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանն ուղղված սոցիալական եզակի նախագիծ է, որը 2013 թվականից իրականացվում է Չեմպիոնների լիգայի պաշտոնական հովանավոր Գազպրոմ ընկերության կողմից: Ամբողջ աշխարհում ծրագրին աջակցում են ավելի քան 250 հազար մարդ, ներառյալ հայտնի մարզիկներ և մշակույթի գործիչներ: 4 տարվա մեջ մասնակից երկրներում անցկացվել են 290 միջոցառումներ, որոնք ամեն տարի լուսաբանվում են շուրջ 1000 լրագրողների կողմից: Ծրագրին աջակցում են ՖԻՖԱ-ն, ՈւԵՖԱ-ն, ազգային մարզական ֆեդերացիաները և համաշխարհային առաջատար ակումբները:

Որպես մասնակից երկիր՝ մեր խնդիրը համամարդկային արժեքների տարածումն է երիտասարդ ֆուտբոլիստների շրջանում: Նրանց համար միջազգային ասպարեզում հանդես գալը երազանքի իրականացում է: Կասկած չկա, որ մասնակցությունն այս ծրագրին կարող է լավ խթան հանդիսանալ երտասարդ ֆուտբոլիստների կարիերայի առաջխաղացման համար:

Մեր պատանի ֆուտբոլիստները եզակի հնարավորություն կստանան հանդիպել իրենց կուռքերին՝ հայտնի ֆուտբոլիստներին, որոնց մեջ է նաև ծրագրի համաշխարհային դեսպան Ֆրանց Բեկենբաուերը: Ավելին, նրանք անձամբ կորոշեն ԻՆԸ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ հաղթողին: Այդ մրցանակը ծրագրի պատանի մասնակիցների կողմից սովորաբար հանձնվում է պրոֆեսիոնալ ակումբի, որն իրենց կարծիքով նվաճումներ է արձանագրել ոչ միայն սպորտում, այլև սոցիալական նախաձեռնությունների իրականացման գործում: Ծրագրի կողմից խրախուսվող 9 արժեքներն են ընկերությունը, հավասարությունը, արդարությունը, առողջությունը, խաղաղությունը, նվիրվածությունը, հաղթանակը, ավանդույթները և արժանապատվությունը:

Աղբյուր՝ ՀՖՖ պաշտոնական կայք

Հետևեք մեզ նաև Telegram-ում