Անանուն լրատվամիջոցների դեմ մեխանիկական լուծումների ժամանակն անցել է. Սամվել Մարտիրոսյան

Անանուն լրատվամիջոցների դեմ մեխանիկական լուծումների ժամանակն անցել է. Սամվել Մարտիրոսյան

Հայաստանում  եթե դրական մղումներից ելնելով պետական մակարդակով արգելափակումներ մտցվեն անանուն լրատվամիջոցների նկատմամբ, ապա մի քանի ամիս հետո ականատեսը կլինենք դրա նաև հակառակող կողմի. այն կդառնա լեգիտիմ գրաքննության և խոսքի ազատության ճնշման  գործիք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նկատեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ այս ճանապարհը մեզ համար չէ:

Ըստ նրա՝  փորձը ցույց է տվել, որ հայտնաբերել, թե ով է կանգնած անանուն լրատվամիջոցի թիկունքում, միշտ չէ հնարավոր, քանի որ այսօր կարելի է լրատվամիջոց գրանցել ոչ am տիրույթում, այլ փակ, որպեսզի անհնար լինի պարզել գրանցողին, իսկ նյութերը տեղադրել սերվերում, որը ՀՀ-ում չի գտնվում: Եվ եթե չկա քրեածին արարք, ապա մեր ուժային կառույցները չեն կարող դիմել տվյալ երկրին բացահայտման խնդրանքով: Այնպես որ մեխանիկական լուծումների ժամանակն անցել է:

Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ լուծումներն այլ ոլորտում են.  ձևավորվել է լրագրողական համայնք, որը փորձում է գնալ ինքնակարգավորման մեթոդների կիրառման ճանապարհով, ինչն ավելի աշխատող է: Երկրորդ՝  լրագրողական համայնքը շատ ուժեղ է և կարող է իր առջև խնդիր դնել՝ մարդկանց կրթել, սովորեցնել, թե որ աղբյուրներից օգտվել: Ինչ վերաբերում է պետական գրանցմանը, ապա ըստ Մարտիրոսյանի, կարող է լինել այնպես, որ որոշ լրատվամիջոցների լրագրողների  չհավատարմագրեն, մյուս կողմից՝ դա նրանց պետք էլ չէ:

«Այդ լրատվամիջոցներից շատերը հավատարմագրվելու անհրաժեշտություն չեն տեսնում, քանի որ պետական մարմինների կողմից տրվող ինֆորմացիան բաց է և սրանով չէ, որ ձևավորվում է հիմնական լրահոսը»,-հավելեց Մարտիրոսյանը՝ նկատելով, որ ՀՀ-ում լրատվական դաշտն ազատականացված է և բլոգերին, ֆեյսբուքյան օգտատերին ու լրատվամիջոցին իրարից  տարանջատելու  խնդիր չկա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում