Եվրոպայի առաջնության «ամենա-ամենաները»

Եվրոպայի առաջնության «ամենա-ամենաները»

Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ ներկայացնում ենք ամենաբարձրահասակ, ամենացածրահասակ, ամենաթանկ․․․ Մեկ խոսքով՝ ամենա-ներին։

Ամենաթանկարժեք ֆուտբոլիստը
Կրիշտիանու Ռոնալդու, Պորտուգալիա, 110 միլիոն եվրո

Ֆուտբոլիստի համար արդեն պատկառելի տարիքը Կրիշտիանուին չի խանգարում լինել առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: «Transfermarkt.de»-ի տվյալների համաձայն, պորտուգալացու արժեքը 110 միլիոն եվրո է: Երկրորդ հորիզոնականում «Ռեալի» կազմում Ռոնալդուի խաղընկեր Գարեթ Բեյլն է, ում համար գնորդները պետք է նվազագույնը 80 միլիոն եվրո վճարեն: Եվրոպայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ամենաէժան ֆուտբոլիստը
Էմրե Մոր, Թուրքիա, 100.000 եվրո

Դժվար թե շատ բան լսած լինեք այս ֆուտբոլիստի մասին: Դա զարմանալի էլ չէ, քանի որ «Բորուսսիայի» նորեկ Էմրեն 18 տարեկան է, 10-ից ավելի խաղ է անցկացրել դանիական «Նորշելլանում» և աչքի է ընկել 2 գոլով: Շատ հնարավոր է՝ մի քանի տարի անց թուրք կիսապաշտպանի անունը հնչեղ դառնա, բայց առայժմ նա առաջնության ամենաէժան ֆուտբոլիստն է:

Ամենատարեց հավաքականը
Իռլանդիա, միջին տարիքը՝ 29.4

Մարտին Օ՛Նիլը Ֆրանսիա է մեկնում փորձառու և ոչ երիտասարդ ֆուտբոլիստների հետ, որոնք պատրաստ են դիմակայելու Բելգիային, Իտալիային և Շվեդիային: «Միջին տարիքը» թիմում ապահովում է Շեյ Գիվենը: Լեգենդար դարպասապահը արդեն 40 տարեկան է, բայց դեռևս թիմի առաջին համարն է: Հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը «Դերբի Քաունթիի» 24-ամյա հարձակվող Ջեֆֆ Հենդրիկն է: 

Ամենաերիտասարդ հավաքականը
Շվեյցարիա՝ 25․7

Շվեյցարիայի հավաքականի գլխավոր աստղը Շերդան Շակիրին է: Աստղային մյուս երիտասարդ ֆուտբոլիստը Ռիկարդո Ռոդրիգեսն է: Հենակետայիններից է Գրանիտ Ջական: Պաշտպանության կենտրոնում 24-ամյա Ֆաբիան Շերն է: Հավաքականում է նաև հեռանկարային 19-ամյա Բրել Էմբոլոն: Եվրոպայի առաջնության ամենաերիտասարդ հավաքականների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ամենաթանկարժեք հավաքականը
Գերմանիա՝ 562 միլիոն եվրո

Աշխարհի գործող չեմպիոններն իրենց արժեքով մի փոքր առաջ են անցնում Եվրոպայի գործող չեմպիոններից: Յոահիմ Լյովի սաներն արժեն 562 մլն եվրո, իսկ Վիսենտե դել Բոսկեինը՝ 557: Երրորդ հորիզոնականում Բելգիայի հավաքականն է: Բելգիայի բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը 461 միլիոն եվրո է:

Ամենաէժան հավաքականը
Հունգարիա՝ 27.3 միլիոն եվրո

Տրանսֆերային արժեքով ամենահամեստ թիմը Հունգարիայինն է: Անցալ դարում այս թիմը հենց միայն իր անունով սարսափ էր ներշնչում ամբողջ Եվրոպային, իսկ այսօր նրա 23 ֆուտբոլիստները միասին 27.3 միլիոն եվրո արժեն: Թիմի կազմում ամենաէժան ֆուտբոլիստը 40-ամյա Կիրայն է (250.000 եվրո): Ամենաարժեքավորը Բալաջ Դուջակն է՝ 6.25 միլիոն:

Ամենաբարձրահասակ ֆուտբոլիստը
Կոստել Պանտիլիմոն, Ռումինիա – 203 սմ

ԱՊԼ-ի երկրպագուների համար արդեն սովորական է Կոստելի անսովոր կառուցվածքը: «Մանչեսթեր Սիթիի» կազմում չամրապնդվելով՝ նա տեղափոխվեց «Սանդերլենդ», իսկ վերջերս ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքեց «Ուոտֆորդի» հետ: Հասակը ռումինացուն ընդհանրապես չի խանգարում խաղի մեջ մտնել ու մոտակա անկյուններից փախցնել գնդակը: Կոստելը նաև առաջնության ամենածանրաքաշ ֆուտբոլիստն է՝ 1 կգ է պակասում կշեռքին 3 նիշից բաղկացած թիվ տեսնելու համար:

Եվրոպայի առաջնության ամենաբարձրահասակ թիմը Շվեդիան է (միջին հասակը՝ 186.3 սմ). շնորհակալություն Իսակսոնին, Իբրահիմովիչին, Գրանկվիստին և մյուսներին։ Ամենակարճահասակները թուրքերն են՝ 180.2 սմ (միջինը)։

Ամենակարճահասակ ֆուտբոլիստը
Լորենցո Ինսինյե, Իտալիա – 164 սմ

Եթե եզրափակչում Իտալիան հանդիպի Ռումինիային, կկարողանանք մի դրվագի ականատես լինել, որը մեզ «Մատանիների տիրակալը» կամ «Ալիսան հրաշքների աշխարհում» գործերը կհիշեցի: Լորենցոն Պանտիլիմոնից գրեթե 40 սմ կարճ է: Տարբերությունն այնքան է, որքան 12-ամյա երեխայի ու հասուն տղամարդու միջև: Բարեբախտաբար, կարճ հասակը Լորենցոյին չի խանգարում հիանալի խաղ ցուցադրել: Իտալացին նաև առաջնության ամենաթեթևաքաշ ֆուտբոլիստն է՝ 58 կգ:

Ամենագեր ու ամենաթեթև քաշ ունեցող հավաքականները

Եվրոպայի առաջնությանը մասնակցող 24 հավաքականներից միջին քաշով առաջին տեղում Գերմանիայի հավաքականն է՝ 80․30 կգ, իսկ վերջին տեղում թուրքերն են՝ 74․30։

Ամենատարեց ֆուտբոլիստը
Գաբոր Կիրայ, Հունգարիա-40 տարեկան և 2 ամսական

Հունգարացի դարպասապահը նախընտրական փուլում բոլորին ապշեցրեց ոչ միայն տարիքով, անսովոր կեցվածքով, այլև իր խաղով: Նա իր հուսալի խաղով բոլորին ստիպեց մոռանալ տարիքն ու մեծ ներդրում ունեցավ խմբային փուլի ուղեգիր նվաճելու գործում:

Ամենարիտասարդ ֆուտբոլիստը
Մարկուս Ռաշֆորդ, Անգլիա, 18 տարեկան և 7 ամսական

Մրցաշջանի գլխավոր հայտնություններից մեկը Ֆրանսիա է մեկնում առաջնության ամենաերիտասարդ ֆուտբոլիստի կարգավիճակում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում