Եվս 9 ինժեներական լաբորատորիաներ են բացվել Վայոց Ձորի և Արարատի դպրոցներում

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաների բացման շքերթը հասել է նաև Արարատ և Վայոց Ձոր: Ինչպես տեղեկացրին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ), արդեն «Արմաթ» խմբակ-լաբորատորիաներ են արդեն գործում Երասխի, Ելփինի, Արենիի, Գետափի, Շատինի միջնակարգ դպրոցներում, Վայքի ավագ դպրոցում, Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցում և Եղեգնաձորի թիվ 1 ու թիվ 2 հիմնական դպրոցներում:

Ծրագիրն իրականացվում է ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ և Ucom-ի աջակցությամբ: Ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուս անողների նախապատրաստմանը։

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հույս է հայտնել, որ առաջիկայում «Արմաթի» աշակերտները նորաստեղծ ընկերություններ կհիմնեն ու կաջակցեն իրենց ընտանիքի և համայնքի զարգացմանը:

«Ամենակարևոր գործոնը, որն ուզում եմ ընդգծել՝ մեր լաբորատորիաների աշխարհագրության ընդլայնումն է: Եթե յուրաքանչյուր գյուղի, իսկ մասնավորապես՝ սահմանամերձ բնակավայրի բնակիչ գիտակցի, որ իր ապագան հենց իր ձեռքերում է, մեր հնարավորություններն այսօրվա կիզիչ արևի չափ հզոր են լինելու, իսկ ապագան՝ բաց ու լուսավոր»,-ասել է Ucom ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Եսայանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում