ՀՀ-ն պետք է կապող օղակ լինի ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև. ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան

ՀՀ-ն պետք է կապող օղակ լինի ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև. ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նախկին դեսպան, «Հայաստան. մի ժողովրդի ոգին» էսսեի հեղինակ Անրի Կյունին Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստան-ԵՄ հարաբերություններին:

Նա նշեց, որ ի սկզբանե այն կարծիքին է եղել, որ Հայաստանը եվրոպական պետություն է: «Պատմականորեն շատ մոտ կապեր ունի Եվրոպայի հետ, և ես կարծում եմ, որ սա եվրոպական պետություն է, չնայած նրան, որ ունի արևելյան մշակույթ: Հայաստանի մասին ամենաճիշտ բնութագիրն այն է, որ Հայաստանը եղել է արևմուտքի և արևելքի հենց պատմական խաչմերուկում»,- ասաց նա և նշեց, որ այս պետությունը հավասարապես զարգացնում է հարաբերությունները՝ ինչպես հույսիս-հարավում, այնպես էլ արևմուտք-արևելքում:

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է լինի կամուրջ և կապող օղակ Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև: Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հետագա զարգացումներին, ապա նա նախ ասաց. «Այսօր Եվրոպական միությունը ինքն իր ապագայի վերաբերյալ որոշակի մտորումների մեջ է. Մեծ Բրիտանիայի դուրս գալը հանգեցնելու է շատ խորը տրանսֆորմացիաների Եվրոպական միությունում: Դրա արդյունքում Եվրոպան պետք է վերակառուցի իր հարաբերությունները հարևան երկրների հետ»:

Նա նշեց, որ կարող է հաստատել, որ Ֆրանսիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ երբեք չի փոխվի, քանի որ այնտեղ հայկական համայնք կա, և Հայաստանը միայն դրական և լավ հարաբերություններով է ասոցացվում Ֆրանսիայի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում