Ով ասեց, որ Մամիկոն Ասլանյանի օգտին ընդդիմադիր դաշինքից 4 ձայն է գնացել, ոչ թե 6 կամ յոթ. Գագիկ Մելիքյան
Նմանատիպ
Օրեր առաջ փակ գաղտնի քվեարկությամբ Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը, մասնավորապես՝ ՀՀԿ-ի թեկնածուն ստացավ 19 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանը, որին աջակցում էին նաև ԲՀԿ և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ընտրացուցակով ավագանի ընտրված անձինք, ստացավ 14 ձայն, թեպետ սպասվում էր 18-ը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպմանն ակնարկեց, որ տեղի ունեցածը սպասելի էր՝ ոչ գաղափարական դաշինքները մեռելածին են, ավելին՝ նա պնդեց, որ ՀՀԿ թեկնածուի օգտին հնարավոր է ձայն է տվել այսպես ասած՝ ընդդիմադիր դաշինքից ոչ թե չորս, այլ 6 կամ 7 հոգի: Այսինքն՝ պետք չէ հավատալ հրապարակված թվերին:
«Դաշնակցությունն ուներ երկու մանդատ, միասին ունեինք 15-ը, մնացել էր 18 մանդատ 3 քաղաքական ուժերի մոտ՝ ԲՀԿ, «Հայկական վերածնունդ», «Լուսավոր Հայաստան»: Վերջինը փորձեց ձևավորել դաշինք իր թեկնածուի շուրջ, և դաշինքը կարծես թե ձևավորվեց, բայց ես այն կարծիքին չեմ, որ գաղափարական հենք չունեցող դաշինքները կարող են երկար գոյատևել: Դաշինք ինչի՞ շուրջ՝ միայն քաղաքապետ ընտրելու, թե՞ գաղափարական հետագա գործունեության: Կարծում եմ, որ միայն քաղաքապետ ընտրելու շուրջ ձևավորված դաշինքները կարող են լինել մեռելածին, այդպես էլ եղավ: Ես համաձայն չեմ, թե տեղի է ունեցել առնետավազք, տեղի ունեցավ այն, ինչ պիտի տեղի ունենար: Ավագանու անդամները ձայները տվեցին նրան, ում պիտի ընտրեին, ով ավելի հավակնոտ ծրագրեր ուներ: Ես համաձայն չեմ նաև, որ այսպես ասած՝ ընդդիմադիր դաշինքից ընդամենը չորս ձայն է գնացել Մամիկոն Ասլանյանի օգտին: Իսկ ով ասեց, որ չորս ձայն է գնացել, միգուցե վեցն է գնացել, գուցեև յոթը: Ինչով եք համոզված, որ մյուս դաշինքներից ձայներ չեն գնացել: Ոչ մեկ հստակ չի կարող ասել»,-շեշտեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, որ Վանաձորի ավագանիում նիստերը կանցնեն բուռռն, բայց որոշումները կլինեն արդար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում