Երիտասարդ թեկնածու Կարեն Բոթոյանին սիրում և սպասում են…

Կարեն Բոթոյան. այս անուն-ազգանունը Երևանում միգուցե շատերին ոչինչ չասի, բայց ահա Վարդենիսում նրան բոլորը գիտեն: Վարդենիսցի 29-ամյա այս երիտասարդը ծնվել է ՌԴ Ալդան քաղաքում, այնուհետև տեղափոխվել է իր հայրենի բնօրրան` Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղ, որտեղ էլ գերազանցությամբ ավարտել է դպրոցը: 2000-2007թթ. ընդունվել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ընդերքաբանության և մետալուրգիայի» ֆակուլտետը:

Որպես իսկական հայորդի` Կարենն էլ իր պարտքն է համարել ծառայել հայրենիքին, 2002-2004թթ. նա ծառայության է անցել ՀՀ Զինված ուժերում:

Համեստ այս երիտասարդը աշխատել է «Եվրոպա» ՍՊԸ-ում, որպես շինարար-վերահսկիչ, այնուհետև աչքի ընկնելով իր աշխատասիրությամբ և գրագիտությամբ` Կարենը նշանակվել է «Եվրոպա» ՍՊԸ-ի փոխտնօրեն: Այս երիտասարդը երբեք չի դադարել սովորել, և նույնիսկ այս տարիքում նա շարունակում է ուսում ստանալ Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների քաղաքագիտական բաժնի մագիստրատուրայում:

Կարեն Բոթոյանը ամուսնացած է և ունի մեկ դուստր: Չնայած երիտասարդ տարիքին, Կարենն արդեն հասցրել է հարուստ կենսագրություն ունենալ: Մարդ ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, սակայն միշտ տեղյակ է եղել գյուղացու հոգսերից, այսօր ցանկանում է իր հարազատ մարզի բնակիչների ձայնը բարձրացնել խորհրդարանում:

Նա պատգամավորության թեկնածու է Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներն ու իր հարակից գյուղերն ընդգրկող թիվ 23 ընտրատարածքից և առաջնահերթ է համարում Սևանի-Ճամբարակի-Վարդենիսի տարածաշրջանի բնակչությանը հուզող սոցիալ-տնտեսական, կրթական, առողջապահական և կենցաղային բնույթի խնդիրների լուծումը: Պետք է նշենք, որ Կարեն Բոթոյանը թեև պատգամավորական գործունեություն դեռևս չի ծավալել, բայց իր աշխատանքի շնորհիվ այսօր վայելում է իր կուսակից ընկերների հարգանքն ու վստահությունը:

Այս մարզում ճանաչում են երիտասարդ պատգամավորի թեկնածուին և մեծ հույսեր կապում նրա հետ` համոզված լինելով, որ վերջինս կարդարացնի իրենց բոլոր սպասելիքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում