Օլանդը հորդորել է անհապաղ վերսկսել միջսիրիական բանակցությունները
Նմանատիպ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերստին հորդորել Է շուտափույթ վերսկսել միջսիրիական բանակցությունները՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, բացառությամբ ծայրահեղականների եւ արմատականների խմբավորումների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ֆրանսիան ողջունում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մարտական գործողությունների դադարեցմանը Սիրիայում: Այդ պատճառով մենք ՄԱԿ-ի ԱԽ-ում պաշտպանեցինք Թուրքիայի եւ Ռուսաստանի կողմից առաջարկված բանաձեւը»,-հայտարարել է Օլանդը՝ հունվարի 12-ին ելույթ ունենալով դիվանագիտական կորպուսի առջեւ:
Նրա խոսքով՝ Սիրիայում անհրաժեշտ է իշխանության քաղաքական անցման հասնել բանակցությունների ճանապարհով:
«Բանակցությունները պետք է վերսկսվեն հնարավորինս շուտ բոլոր կողմերի մասնակցությամբ, այդ թվում՝ ռեժիմի ներկայացուցիչների, բայց առանց ծայրահեղականների եւ արմատականների խմբավորումների ներկայացուցիչների»,– ասել է Օլանդը, ընդգծելով, որ, իր կարծիքով, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «չի կարող խնդրի լուծման մաս կազմել, որի պատճառը ինքն է»,- հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում