Թուրքիայի իշխող կուսակցությունը հանրաքվեին ընդառաջ հանդես չի գա ազգայնականների հետ
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ նախատեսվող քարոզարշավին «Ազգայնական շարժում» կուսակցության հետ միասնաբար չեն ներկայանալու: Այս մասին տեղեկացնում է թուրքական T24.com.tr-ը:
«Ազգայնական շարժում» կուսակցության հետ համատեղ քարոզարշավ չկա: Մեր քարոզարշավը կիրականացնենք` կոորդինացված երկրի նախագահի հետ»,- հայտարարել է Յըլդըրըմը:
Նա տեղեկացրել է նաև, որ այս շաբաթվա ընթացքում հստակ կհայտարարվի երկրում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի օրը: Այն նախատեսված է ապրիլի առաջին կեսին:
Թուրքիայի մեջլիսը հավանություն է տվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կողմից առաջարկված սահմանադրական փոփոխություններին, որոնք բաղկացած են 18 կետից: Մեջլիսում փոփոխությունների առաջարկի անցկացումը հնարավոր է եղել միայն ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության աջակցության շնորհիվ:
Խորհրդարանի կողմից հաստատումից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչից հետո այն կդրվի հանրաքվեի:
Ըստ հաստատված կարգի` Թուրքիայի նախագահի հաստատման համար նախատեսված է 15 օր, իսկ սահմանադրական հանրաքվեն պետք է տեղի ունենա նախագահի կողմից հաստատմանը հաջորդած 60-րդ օրվանից հետո ընկած առաջին կիրակի օրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում