Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց ապարանցիներին չվախենալ ու տեր կանգնել իրենց հաղթանակին

Ամփոփելով իր երկօրյա մարզային հանդիպումները` այսօր Ապարան քաղաքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ սրանով մարզային հանդիպումները չեն ավարտվում: Վաղը` մարտի 8-ին, ժամը 17:00, տոնական հանրահավաք կլինի Ազատության հրապարակում: Հովհաննիսյանը կոչ արեց բոլորին հաղթահարել ճանապարհներն ու ներկա գտնվել: 

Իսկ այնուհետեւ շաբաթ օրը Հովհաննիսյանը կվերսկսի մարզային այցելությունները` գնալով Գեղարքունիքի մարզը: 

Ապարանում ընդդիմության առաջնորդը կոչ արեց ապարանցիներին չվախենալ ու տեր կանգնել իրենց հաղթանակին: Խոսք բացելով Ապարանի դատախազի մասին` նա վրդովմունք հարուցեց հավաքվածների մոտ: Ներկաներից մի քանիսը զայրացան` ասելով թե դատախազն ի՞նչ կապ ունի, իրենք ընտրել են նրան, ում ցանկացել են, եւ ոչ ոք իրենց ոչ մի բան ասել չի կարող: 

Հիշեցնելով Բաշ-Ապարանի հերոսական անցյալն ու պատմությունը` Հովհաննիսյանը նշեց, որ Ապարանն այսօր խոսել է: Նա խոստացավ նաեւ, որ ոչ մի Մարտի 1 ու ոչ մի Հոկտեմբերի 27 այլեւս չի կրկնվելու: 

«Դուք տեսակետ եք ներկայացրել, ձեր ազատությունը պետք է պաշտպանվի»,ասաց նա: 

Հովհաննիսյանը հիշեցրեց նաեւ, որ մարտի 10-ին բեկումնային ծրագիր է ներկայացնելու Ազատության հրապարակում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում