Դոդոնը սխալ է համարել Մոլդովայի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը

Մոլդովայի կողմից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը զուտ քաղաքական որոշում Էր, այն վաղաժամ էր ու սխալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

«Ես կարծում եմ, որ 2014 թվականին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը վաղաժամ էր եւ սխալ: Եվրամիությունը՝ մի կողմից, եւ քաղաքական կուսակցությունները, որոնք կային Մոլդովայում, մյուս կողմից, ընդունեցին զուտ քաղաքական որոշում: Եվրամիության համար, հավանաբար, դա հետաքրքիր էր Ուկրաինայում ստեղծված իրադրության տեսակետից, իսկ Մոլդովայի քաղաքական կուսակցությունների համար դա կարեւոր էր 2014 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին»,- ասել է Դոդոնը՝ ամփոփելով Բրյուսել կատարած այցի արդյունքները:

Մոլդովայի նախագահը Բրյուսելում բանակցություններ է անցկացրել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի, Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանիի եւ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում