ԲՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցի առանձին, ցուցակը կգլխավորի Վարդան Օսկանյանը

Ինչպես որոշվել է այսօր ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայիսի 9-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի սեփական ցուցակով: Այս մասին հաղորդում է Panorama.am կայքը: 

«Քաղաքական խորհուրդը կայացրել է որոշում մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Մեր նշաձողը հաղաթանակն է: ԲՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Վարդան Օսկանյանը»,-կայքին տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Երեկ երեկոյան տեղի էր ունեցել ԲՀԿ-ՀՅԴ-«Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ քննակվել էր նաև ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հնարավորությունը:

Պատասխանելով այն հարցին, որ եթե ԲՀԿ-ն որոշել էր հանդես գալ սեփական ցուցակով, ապա ինչո՞ւ համար էին այդ հանդիպում-քննարկումները, Ն. Զոհրաբյանն ասել է.

«Մեկը մյուսին բացարձակապես չի բացառում: Մենք այսօր հրապարակել ենք որոշում’ մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Իր խոսքում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստանը» շարունակում է լինել առավել լայն համախմբման, առավել լայն կոնսոլիդացիայի կողմնակից: Եվ եթե առաջիկա օրերին հնարավոր կլինի ԲՀԿ առանցքի շուրջ ձևավորել այդ առավել լայն կոնսոլիդացիան, ապա կրկնում եմ, «Բարագավաճ Հայաստանը» կողմնակից է առավել լայն համախմբման»,-ասաց Զոհրաբյանը:

Հարցին, թե ովքեր ցուցակի երկրորդ և երրորդ տեղեում, Զոհրաբյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ այս պահին նպատակահարմար է հրապարակել այն, որ ցուցակը գլխավորելու է Վարդան Օսկանյանը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում