Միգուցե Սահմանադրական խորհուրդը Ր. Հովհաննիսյանին առաջարկելով` Ս. Սարգսյանն այլ մտքեր ուներ. Կարապետ Ռուբինյան

Այսօր Ազատության հրապարակում բաց Քաղաքացիական խորհրդի ձևաչափում ելույթ ունենալով` քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկելով ղեկավարել Սահմանադրական խորհուրդը, դա անում է ոչ առանց հետին մտքի։ 

Շարունակելով` նա նշել է, որ, իբր, դրանով իշխանությունը փոխզիջման է գնում, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը, ով անցնում է պաշտոնավարման երկրորդ շրջանը և չի կարող երրորդ անգամ թեկնածու լինել, գուցե որպես «աթոռից կառչած անձնավորություն», կցանկանար Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքերով իրականացնել բարեփոխում, որից հետագայում օգտվելու էր ինքը։
«Բայց սա չի նշանակում, որ այս առումով հակառակվելու նպատակով պետք է հետ կանգնել սահմանադրական բարեփոխումներից», ընդգծել է նա։

Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, ըստ Կարապետ Ռուբինյանի՝ իրականում սա նախագահական , այլ ոչ կիսանախագահական համակարգ է, քանի որ սահմանադրական այն թեզը, որ երկրի ղեկավարը նախագահն է, բայց եթե ընդդիմությունը խորհրդարանում մեծամասնություն կազմի, պառլամենտն է ղեկավարում երկիրը, երբեք չի գործել։

«էդպիսի բան չեղավ մեր երկրում, մի դրվագ միայն եղավ, որը ավարտվեց «հոկտեմբերի 27-ով»,- ասաց Կարապետ Ռուբինյանը և ավելացրեց, որ նախքան այդ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը իրենց վրա վերցրին խորհրդարանի ղեկավարումը։ «Ինչի դեմ բողոքեց Ռոբերտ Քոչարյանը, որը հայտնվել էր Անգլիայի թագուհու կարգավիճակում»։

Նրա ամփոփմամբ՝ երեք նախագահների պաշտոնավարումը ցույց է տվել, որ Հայաստանում այս ձևը արդարացված չէ, ի տարբերություն Գերագույն խորհրդի, որը փաստորեն, կառավարման պառլամենտական ձևի փայլուն օրինակն էր։ Ի տարբերություն այս որակի ԱԺ-ի, որը կարողանում է միայն տարին մեկ անգամ սպիտակ կամ դեղին համարանիշների մասին օրենքներ ընդունել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում