Երեւանի քաղաքապետարանից պատասխանել են Տիգրան Ուրիխանյանին

Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը պարզաբանում է ներկայացրել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ երեկ ԱԺ-ում արած հայտարարության կապակցությամբ:  Մեկնաբանության մեջ մասնավորապես ասվում է.

«ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի զարմացած հարցադրումները հանգեցնում են այն մտքին, որ պարոն Ուրիխանյանը չի տիրապետում բյուջետային ծրագրավորման գործընթացներին, քանի որ արտաքուստ տպավորություն ստեղծելու համար արվող հայտարարությունները առնվազն պետք է հիմնված լինեն որոշակի հաշվարկների և համեմատությունների վրա։

Հարկ է նշել, որ Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեով արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի համար նախատեսվել էր 81 712.0 հազ.դրամ գումար, սակայն փաստացի ծախսը կազմել է 46 467.0 հազ.դրամ (խնայողությունը կազմել է 35 245 հազ.դրամ), ինչը հստակ նշված է բյուջեի կատարման հաշվետվության մեջ, որն ի դեպ ավագանու՝ ներառյալ ԲՀԿ անդամների, կողմից միաձայն հաստատվում էր հենց այն պահին, երբ պարոն Ուրիխանյանը զարմանում էր այդ թվերից։

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի համեմատությանը ՀՀ ԱԳՆ-ի և կամ ՀՀ ԱԺ-ի հետ, ապա Երևանի քաղաքապետարանը ևս արտաքին հարաբերությունների գծով անելիքներ ունի, որովհետև համագործակցում է արտերկրի մի քանի տասնյակ քաղաքների և միջազգային կազմակերպությունների հետ: Ասեմ, որ թվաբանական համեմատությունը արված է առանց վերլուծական հաշվարկների, քանի որ Երևանի քաղաքապետարանի գործուղումների ծախսերը ներառում են նաև Երևանի ավագանու անդամների և 12 վարչական շրջանների և դրանց աշխատակազմերի գործուղումները, որոնք հիմնականում իրականացվում են ըստ անհրաժեշտության կամ հրավերքի, իսկ այդ ծախսերը իրականացվում են նույն նորմատիվներով, որը կիրառում են ՀՀ ԱԺ-ն և գործադիր մարմնի նախարարություններն ու գերատեսչությունները։

Շենքերի գեղարվեստական լուսավորության ծրագրի հետ կապված պատգամավորի այն ակնարկը, թե «շենքերից դուրս ինչ է եղել», խորհուրդ կտամ մանրամասնել և ներկայացնել պատկան մարմիններին: Իսկ ինչ վերաբերվում է ծրագրի նախահաշվային արժեքին, ապա ծրագրի բովանդակությունը և նախահաշվային փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվել է ինչպես Երևանի ավագանու մշտական հանձնաժողովներին, այնպես էլ ավագանու նիստին և արժանացել է ավագանու՝ այդ թվում ԲՀԿ անդամների, հավանությանը։

Առնվազն տարակուսելի է ԱԺ պատգամավորի վերաբերմունքն ու հնչեցրած կարծիքը Հայաստանի Հանրապետության դրոշների տեղադրման հիմնավորման հարցի շուրջ այն դեպքում, երբ դրանց արժեքները ձևավորվել են սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծանախահշվային փաստաթղթերի հիման վրա, ինչը բխում է ՀՀ օրենսդրության պահանջներից։

Այդուամենայնիվ, պարոն Ուրիխանյանը, հռետորաբանության փոխարեն, իր համար անհասկանալի հարցերը մինչև բարձրաձայնելը կարող է ճշտել Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամների հետ, որոնք առավել արհեստավարժ են և պատշաճ տիրապետում են բարձրացված հարցերի բովանդակությանը, ինչպես նաև կողմ են քվեարկում դրանց»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում