Վալերի-Աշխեն Գործունյանը դիմում է ՄԻԵԴ՝ ընդդեմ ՀՀ կառավարության

«Փարիզյան սուրճի» նախկին սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի Գործունյանի փաստաբան Վահե Գրիգորյանը ՄԻԵԴ ներկայացնելու դատական հայց է նախապատրաստում՝ ընդդեմ ՀՀ կառավարության: Այս մասին երեկ «Ժամանակ»-ին հայտնել է անձամբ Վ. Գործունյանը:

Ըստ նրա, հայցի հիմքը նախկին դատական վճիռն է, որով ՀՀ-ում իր ունեցվածքի մեծ մասը հանձնեցին իր նախկին ամուսնուն՝ Վազգեն Ասատրյանին. «Ասում են’ ձեր խնդիրը անձնական է, բայց ՀՀ արդարադատության սխալ որոշման պատճառով, իմ բողոքը չընդունելու պատճառով իրեն հնարավորություն տվեցին, որ իմ ունեցվածքն իրեն պահի: 2003-ին իմ ներդրումներով, մեծ ջանքերով ստեղծված բիզնեսը նվիրեցին իրեն, խլեցին ինձանից: Ինձ թվում է՝ արդեն ամեն մարդ գիտի այդ պատմությունը: Միայն ես չեմ, որ նման խնդիրներ եմ ունեցել Հայաստանում: Մինչև վերջ մենք պայքարելու ենք արդարության համար, եթե նույնիսկ դա շատ երկար տևի: Ես Հայաստան եկել եմ հայասեր լինելու մղումով, մտածում էի մնալ այդտեղ: Եթե օրենքը նորմալ գործեր, ես խնդիր չէի ունենա»:

Վ. Գործունյանը տեղեկացրել է, որ Վազգեն Ասատրյանի հետ ամուսնական պայմանագիր կնքվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, 2 վկաները եղել են դեսպանատան 2 հյուպատոսները: Սակայն գույքի հետ կապված դատի ժամանակ դատավորները անտեսել են պայմանագիրը՝ պատճառաբանելով, թե այն ստորագրվել է նախքան ամուսնությունը: «Դուք հավատո՞ւմ եք նման էշության, երբ դա օրենքն է՝ պայմանագիր ստորագրել, հետո նոր ամուսնանալ: Դա շատ մեծ խարդախություն է: Եվ մինչև Եվրադատարան պետք է գնանք: Մի օր իրավիճակը պետք փոխվի՞ Հայաստանում, թե՞ չէ»,-ասել է Վ. Գործունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում