ԲՀԿ-ում արագ արձագանքման ջոկատներ են ստեղծում

«Հրապարակը» գրում է, որ թե ԲՀԿ-ում, թե ՀՀԿ-ում ավագանու ընտրությունների նախաշեմին տեղի է ունենում ընտրական ռեսուրսների խոշորամասշտաբ ինվենտարիզացիա:

ԲՀԿ-ն որոշել է ոչ մի միլիմետր չզիջել, ընդհուպ արագ արձագանքման «ջոկատներ» ստեղծել, որոնք «արտաքին» եւ «ներքին» հսկողություն կիրականացնեն բոլոր 464 ընտրատեղամասերում’ նկարելով, հաշվելով, թե քանի մարդ մտավ ընտրատեղամաս, քանիսը դուրս եկավ. «Սանտիմետրը դնելու՝ գծելու ենք, թե բակում քանի մետրից կարող ենք կանգնել-նկարել, մեկընդմիշտ բացառելու ենք շրջիկ’ մոնղոլ-թաթարական խմբերի գոյությունը, որոնց վրա է ՀՀԿ-ի հիմնական հույսը: Ներսում չենք թողնելու որեւէ արդյունք փոխվի, երկու տեսախցիկ ենք տեղադրելու. մեկը մուտքի, մյուսը՝ հենց քվեատուփի վրա: Պահելու ենք մեր ձայները, ինչպես պահեցինք Գյումրիում. մի բան է ողջ Հայաստանում եղած 1988 տեղամասում ձայները պահելը, մեկ այլ բան’ 464 տեղամասում»:

Մեր զրուցակցին հիշեցրինք, որ մայրաքաղաքում 18 դպրոցների տնօրեններ հանրապետական են, միայն մեկն է ԲՀԿ-ական, վարչական ռեսուրսը ՀՀԿ-ի ձեռքում է, ընտրական «տեխնոլոգիաները»’ նույնպես, Երեւանն ընդդիմադիր է ոչ միայն ՀՀԿ-ին, այլեւ ԲՀԿ-ին, ավելին’ այս անգամ, ի տարբերություն խորհրդարանականի, «վերեւներում» «որոշել» են, որ ԲՀԿ-ն փող չի բաժանելու. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ին «թույլ տրվեց» փող բաժանել միայն վերջին օրը: «Միեւնույն է, ՀՀԿ-ն այս ընտրություններում չի հավաքելու 40 տոկոս ձայն, իսկ ընտրություններից հետո սկսելու է քաղաքական նոր ցիկլ»,- ասաց քաջատեղյակ ԲՀԿ-ականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում