Թուրքիայի քեմալական կուսակցությունը մեջլիսում բողոքի ակցիա է սկսել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը մեջլիսում բողոքի ակցիա է սկսել՝ ի նշան բողոքի մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:

Հուլիսի 26-ին փաթեթի դրույթներից մի քանիսն ընդունելուց հետո քեմալական կուսակցության պատգամավորները հրաժարվել են լքել մեջլիսի նիստերի դահլիճը: Կուսակցության խմբակցության ղեկավար Օզգյուր Օզելը նշել է, որ իշխանությունները ցանկանում են լռեցնել ընդդիմության ձայնը, ինչին ի պատասխան իրենք խաղաղ ակցիա են նախաձեռնելու: «Մինչ դուք կգնաք ձեր տները, Հանրապետական ժողովրդական կուսակցությունը չի լքի խորհրդարանը, որտեղ եկել է ժողովրդի տված քվեների շնորհիվ»,– նշել է նա:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և դրա հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորների կողմից մեջլիսը լքելուց հետո քեմալական կուսակցությունը պատգամավորները մնացել են նիստերի դահլիճում և շարունակել են ելույթներ ունենալ: Ելույթները համացանցում ուղիղ եթերով հեռարձակվել են:

Մեջլիսում ելույթ է ունեցել հայ պատգամավոր Սելինա Դողանը, ով նշել է, որ ներքին կանոնակարգում նախատեսված փոփոխությունները միտված են լռեցնել ընդդիմադիր պատգամավորներին: «Թուրքիայի իշխող կուսակցությունը և նրա ղեկավարը ցանկանում է վերացնել ընդդիմադիր ուժերի ազդեցության գոտիները: Իշխող կուսակցությունը հատ առ հատ լռեցնում է ժողովրդավարական երկրին հարիր բոլոր կառույցները: Լրատվամիջոցները լռեցված են, ակադեմիկոսները լռեցված են, գործարար աշխարհը լռեցված է, արհմիությունները լռեցված են, քաղաքացիական հասարակությունը թաղված է լռության մեջ: Այժմ էլ հերթը հասել է ընդդիմադիր կուսակցություններին»,- նշել է նա՝ հայտարարելով, որ նախատեսվող փոփոխություններն անօրինական են:

Թուրքիայի մեջլիսի սահմանադրական հանձնաժողով ներկայացված օրենքների փաթեթը ենթադրում է պատիժ սահմանել այն պատգամավորների համար, ովքեր կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը»: Որպես «վիրավորանք» են ընկալվելու «1915 թվականի դեպքերի մասին» խոսելիս «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումը: Արգելքը վերաբերելու է նաև մեջլիսի ամբիոնից «Քուրդիստան», «քրդական նահանգներ» եզրույթները հնչեցնելուն:

Ըստ փոփոխությունների՝ մեջլիսի ամբիոնի մոտ պատգամավորների խոսելու ժամանակը 10 րոպեից իջեցվելու է երեք րոպեի: Այն պատգամավորները, ովքեր ընտրվելուց հետո մեջլիսում չեն երդվի, չեն կարողանա օգտվել իրենց իրավունքներից:

Օրենքը խախտող պատգամավորներին նախատեսվում է ժամանակավոր հեռացնել մեջլիսի աշխատանքներից, ինչպես նաև պահել աշխատավարձի 1/3-ը, որը կազմում է մոր 12 հազար թուրքական լիրա (ավելի քան 3 հազար ԱՄՆ դոլար):

Փոփոխությունների այս առաջարկին դեմ են հանդես եկել քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Վերջինիս հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով 2017 թվականին պատժվել էր մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, փոփոխությունների առաջարկն անվանել է «ԱԶԿ-ԱՇԿ ազգայնական ավտորիտար կոալիցիայի առաջարկ»:

Օրենքների փաթեթը քննադատել էր նաև քեմալական կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը՝ նշելով, որ դրանցով պարզապես փորձ է արվում մեջլիսում լռեցնել ազգային փոքրամասնությունների ձայնը: «Անկասկած, ոչ ոք չպետք է և չի վիրավորի թուրք ժողովրդի պատմությունն ու համատեղ անցյալը: Սակայն ի՞նչ կասեք մյուս ազգերի համար: Օրինակ հայ ժողովրդի պատմությունը կարելի՞ է վիրավորել»,– ասել էր պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում