Ընտանիքում աշխատող անձ ունենալը չի նշանակում զրկվել նպաստից. Արտեմ Ասատրյան

Անապահովության գնահատման համակարգում կան բազմաթիվ չափորոշիչներ և գործոններ, որոնցով գնահատվում է անապահովության մակարդակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Ապահովության համակարգը համապատասխան չափորոշիչներով գնահատում է յուրաքանչյուր ընտանիքի անապահովության մակարդակը: Դրա վրա բազմաթիվ ցուցանիշներ և գործոններ են ազդեցություն ունենում, նաև, բնականաբար, եկամուտ ունենալը կամ չունենալը: Եկամուտների հետ կապված՝ կարողանում ենք ճշտել, ինչքան եկամուտ կա տվյալ ընտանիքում, իսկ եթե ընտանիքում կա բացակա անդամ, մնում է ճշգրտել նրա բացակայության հանգամանքը, որը պետք է հաշվի առնվի անապահովության գնահատումը իրականացնելիս»,– ասաց Ասատրյանը:

Նախարարի խոսքով` այս մեթոդաբանությամբ փորձ է արվում լուծել հիմնարար խնդիրը, որը նաև արծարծում են հասարակության լայն շերտերը, այն է` պետք է բարձրացնել անապահովության գնահատման համակարգի հասցեականությունը, և լինի այնպես, որ այն ընտանիքները, որոնք ապահով են, չօգտվեն նպաստից, իսկ անապահովները` օգտվեն:

«Այսօր համակարգում նպաստ ստացողների թվում են նաև աշխատող անձ ունեցող ընտանիքները: Այսինքն` աշխատավարձ ստանալը չի նշանակում զրկվել նպաստից: Աշխատավարձը գործոններից մեկն է, որը ազդեցություն է ունենում անապահովության միավորի վրա»,- ասաց Ասատրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում