Մտել են մեր եկեղեցի, հիմա էլ ուզում են խորան բարձրանան. մի խումբ մտավորականներ կոչ են անում ընդվզել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» նախագծի դեմ
Նմանատիպ
«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը մի խումբ մտավորականների համար մտահոգվելու առիթ է դարձել: Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նրանք տեսակետ հայտնեցին, որ սա հայ ընտանիքի մոդելի խեղաթյուրման միջամտություն է դրսից, ուստի կոչ արեցին ոտքի կանգնել ու ընդվզել, գրում է Թերթ.am-ը:
«Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը տեսակետ հայտնեց, թե իր համար նման նախագիծը տրամաբանական շարունակությունն է այն քաղաքականության, որն այսօր տարվում է: «Պետք չէ զարմանալ, նման օրենքն օդից չի ընկնում, օտար երկրները մտան քանդեցին կրթական համակարգը, մշակույթի հերն անիծեցին, Սահմանադրությունը ֆրանսիականի կապկումն էր և արձանագրեցին, որ կա մի օղակ, որ կրթական համակարգը ոչնչացնելուց հետո էլ նույնիսկ պահպանվում է, դա ընտանեկան դաստիարակությունն է։ Քանի որ հայ մարդու նկարագիրը լիարժեք ոչնչացնել չկարողացան, հիմա ուզում են մտնել այդ սրբության սրբոց ու խեղել»,-ասաց նա:
Գինոսյանի համար ծիծաղելի է, որ առանձին օրենք է գրվում, որ թե ինչ է նախատեսվում տանը ծեծի դեպք արձանագրելու դեպքում: «Ի՞նչ տարբերություն, ինչո՞ւ են գրված օրենքի վրա հավելումներ անում, ունենք չէ՞ սահմանված, թե ծեծի դեպքում ինչ պատիժներ են նախատեսվում: Քիչ չի մտել են քո եկեղեցին, կեղտոտ ձեռքերով պղծել, հիմա էլ ուզում են խորան բարձրանան և քարոզն իրենք անեն»,-ասաց նա։
Գինոսյանի համեմատական տարավ. «Հայրը այգեպանն է, մայրը սնուցող հողը: Նույն տրամաբանությամբ թող դատեն այգեպանին` ծառը էտելու համար, այգեպանի դերը ո՞վ պետք է տանի, եթե ասում են` հայրը բռնություն կատարեց, նրան պետք է դատել, երեխային վերցնելով»,-ասաց նա և հավելեց, թե օրենքի նախագծի հեղինակները չեն հաջողելու:
Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի համար ևս հարց է, թե ինչու են առանձնացնում բռնության տեսակը, հենց ընտանեկան բռնությունը: «Հայ երեխաները պետք է ընտանիքում դաստիարակվեն: Փակուղու առաջ են կանգնեցնում. ի՞նչ է նշանակում, որ ծնողներից մեկը նախատի, սոցիալական կառույցները միջամտեն, զավեշտալի է ինձ համար: Պետք է զգույշ լինել, եվրոպական հասարակությունը խնդիրներ ունի, չպետք է գնալ նրանց հետևից: Այո՛, 21–րդ դարի մարտահրավերները պետք է ընդունենք, բայց տեղայնացնենք, հայերի համար ընտանիքը մեծ արժեք է, փորձենք վերականգնել ավանդույթները»,-ասաց նա:
Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի խոսքով՝ հայերի դեպքում այսօր, ցավոք, միակ արժեքը մնացել է բանակն ու ընտանիքը: Հայ ընտանիքի մոդելով պետություն ստեղծելու փոխարեն չկայացած պետությունն ենք ուզում մտցնել ընտանիքի մեջ: Երբ պետությունը կկայանա, այնպես կլինի ոնց հայ ընտանիքի մոդելն է, այդ ժամանակ կարող են մտնել ընտանիքի մեջ»,-ասաց նա:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը հարց է ուղղում. թող մեկը խոսի, և ասի, թե հոր ապտակը կյանքում իր համար դեր չի ունեցել: «Համամիտ եմ, ունենք հստակ, դարերի միջով փորձություն անցած կենցաղավարության ձև, միշտ էլ ընտանիքը պահել ենք օրինակելի և, կարծես, աշխարհը չի հանդուրժում, որ կան նման օրինակելի կառույցներ, կարծես, նրանց հանգիստ չի տալիս, որ նման դարբնոցները գոյություն ունեն»,-ասաց նա և կոչ արեց բոլորին ընդվզել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում