Սիրիայի առաջին տիկինը հյուրընկալել է հալեպցի հայուհի գործարարներին
Նմանատիպ
«Գործարար կանայք» հանձնախմբի ջանքերով անցյալ ամսվա կեսին 32 հալեպցի կին գործարարներ մասնակցել են Դամասկոսի Միջազգային Ցուցահանդեսին: Նրանց թվում էին հայուհիներ Անժել Պոշկեզենյանը, Թալին Ալեքսանյանը, Հուրի Սիլվահյանը և Ռոզեթ Նազարյանը:
Ցուցահանդեսի ավարտին, Սիրիայի Առաջին տիկինը նախագահական պալատում հանդիպման է հրավիրել գործարար կանանց, ջերմ ընդունելություն ցույց տվել` խոստանալով աջակցել նրանց:
Գործարար հայուհիներին տպավորել է Առաջին տիկնոջ լավ ընդունելությունը, նրա ազնիվ մոտեցումը և հետաքրքրությունն իրենց նկատմամբ: Նա անհատապես ծանոթացել է բոլոր կանանց հետ, լսել նրանցից յուրաքանչյուրի առաջարկները, պահանջները և մեծարել է Հալեպի դիմացկուն ժողովրդին` քաջալերելով շարունակել աշխատել և ընդլայնել իրենց ծրագրերը:
Հայուհիներին տպավորել է Առաջին տիկնոջ համեստությունը: Նրանց խոսքով` Ասմա Ասատը վստահ է, որ փոքր ձեռնարկություններն են զարգացնում երկրի տնտեսությունը:
Ռոզեթ Նազարյանը ցուցահանդեսի է մասնակցել նաև Հայաստանում: «Հայաստանն ինձ ուժ տվեց ու ես հասկացա, որ պետք է վստահեմ իմ սեփական ուժերին: Նախքան Հայաստան մեկնելս, ձեռագործ աշխատանքներ սկսեցի ստեղծել` մասնակցելով Սիրիայի օգնության խաչի դասընթացներին: Աշխատելով Երևանում `հարստացրեցի գործերս: Երբ վերադարձա Սիրիա, մասնակցեցի «Գործարար կանայք» հանձնախմբի կազմակերպած ցուցահանդեսին ու շատ տպավորված եմ»,-շեշտել է Նազարյանը:
«Գործարար կանայք» հանձնախմբի անդամ Սոնա Գաբրիելյանը հայուհիներին հորդորել է ցուցահանդեսում տրամադրված գումարը ծառայեցնել իրենց աշխատանքի ընդլայնմանը, նոր ծրագիրների մշակմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում