Սաակաշվիլին կարող է մահափորձի զոհ դառնալ
Նմանատիպ
Կովկասի ժողովուրդների համադաշնության ղեկավար Զաալ Կասրելիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նախագահի դեմ մահափորձ է նախապատրաստվում, տեղեկացնում է Грузия online-ը։
«Մի քանի օր առաջ Թուրքիայում միջադեպ էր տեղի ունեցել, երբ Սաակաշվիլին հեծանվով բախվել էր բեռնատարի։ Դա վատ արձագանք գտավ մեր բարեկամ երկրների շրջանում։ Տեղեկություններ տարածվեցին, թե Սաակաշվիլին ոչ սթափ վիճակում է եղել, նաև լուրեր եղան, որ դա կազմակերպված է եղել։ Մենք չենք պատրաստվում քննել այդ միջադեպը, սակայն Վրաստանի կառավարությանն ու ընդդիմությանը նախազգուշացնում ենք, որ Սաակաշվիլիի դեմ մահափորձ է նախապատրաստվում։ Թե երբ կամ ինչպես դա տեղի կունենա, հայտնի չէ»,-հայտարարել է Կասրելիշվիլին։
Նրա խոսքով՝ Սաակաշվիլիին վտանգ է սպառնում երեք կողմից։ Առաջին վտանգը «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներն են՝ Ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին և Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան։ Երկրորդը՝ նրա նախկին գործընկերները, որոնք երաշխիքներ չունեն, որ Սաակաշվիլին Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի նման կլռի։ Երրորդ սպառնալիքը երրորդ երկրների կողմից է, որոնց դեմ Սաակաշվիլին ագրեսիա է դրսևորել։
Զաալ Կասրելիշվիլին հրաժարվել է նշել իր տեղեկատվության աղբյուրները՝ ասելով, որ Համադաշնությունը ներկայացուցիչներ ունի աշխարհի 26 երկրում, նաև ունի ներքին անվտանգության ծառայություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում