Դեսպան. Իրանը շարունակում է իր աջակցությունը հայտնել արցախյան հարցի կարգավորման համար

Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակայինն այսօր զրուցել է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության հետ եւ անդրադարձել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցին:

Դեսպանը կրկնել է իրանցի պաշտոնյաների կողմից բազմիցս հնչեցված այն հայտարարությունը, ոչ իրենք ցանկանում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավորինս շուտ կարգավորվի: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, հղում անելով ադրբեջանական աղբյուրին, դեսպանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի Խմբի գործունեությանը, նշել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան տարածաշրջանային երկրներ չեն, ուստի նրանք շահագրգռված չեն խնդրի արագ կարգավորմամբ:

«Հակամարտության ձգձգումով նրանք իրենց տնտեսական և քաղաքական շահերն են հետապնդում,-ասել է դեսպանը և հավելել, որ Իրանը շարունակում է իր օգնությունն առաջարկել կողմերին՝ հակամարտությունը կարգավորելու հարցում:

«Մենք կարծում ենք, որ եթե ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները փնտրվեն հենց տարածաշրջանի ներսում, ապա դա ավելի արդյունավետ կլինի հակամարտության կարգավորման համար»:

Փակայինը նշել է նաև, որ եթե իրենց ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվելու հնարավորություն ընձեռվի, իրենք խնդրի լուծման իրենց առաջարկները կներկայացնեն:
Հիշեցնենք, որ իրանցի պաշտոնյաները հաճախ են անդրադառնում արցախյան խնդրի կարգավորմանը` առաջարկելով իրենց օգնությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում