Ուրիշի փոխարեն քվեարկելու փորձի համար դատապարտվել է տուգանքի

Ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Դավիթ Մելիք-Ստեփանյանը դատապարտվեց տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կայացված դատավճռով նա մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով՝ մեկից ավելի կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ: Այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալւթյունը:

Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Մելիք-Ստեփանյանը 2013 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում, Երևան քաղաքի Ամիրյան 26 հասցեում գտնվող Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վարչական մասնաշենքում տեղակայված թիվ 9/18 ընտրատեղամասում Գուրգեն Ղազախեցյանի անձնագիրն օգտագործելու միջոցով, վերջինի փոխարեն փորձել է քվեարկել, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, նույն ընտրատեղամասում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձի՝ Աբգար Սարգսյանի, միջամտության շնորհիվ:

Մինչ դատաքննությունը սկսելը ամբաստանյալ Դավիթ Մելիք-Ստեփանյանը միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտնել, մասնավորապես, որ համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Դատարանը բավարարել էր միջնորդությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում