Ապրիլի 23-ին Բրյուսելում տեղի ունեցավ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որին մասնակցում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:
Ելույթ ունենալով հանդիպմանը’ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց ՀՀ հանձնառությունը շարունակելու օժանդակությունն Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին: