ԲՀԿ խոսնակը՝ լրագրողին. «Կաշա՞ռք եք ուզում»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն իր վերջին ասուլիսի ժամանակ աչքի է ընկել յուրահատուկ պահվածքով: Երբ «Հայկական ժամանակ»-ի թղթակից Գագիկ Աղբալյանը ցանկություն է հայտնել հարց ուղղել նրան, Ուրիխանյանը դիմելով նրան՝ ասել է. «Կաշա՞ռք եք ուզում»:

Կատարվածի վերաբերյալ թերթը մեկնաբանել է. «Բանն այն է, որ Գագիկ Աղբալյանը, բնակիչների կողմից «ՀԺ»-ի խմբագրության ստացած ահազանգի հետքերով լրագրողական փոքրիկ հետաքննություն էր կատարել՝ մտնելով ԲՀԿ-ի տարածքային կառույցներից մեկը, որտեղ որպես տարածքի բնակիչ՝ պատասխանատու անձի հետ զրույց էր ունեցել ավագանու ընտրություններում ԲՀԿ-ին ընտրելու դիմաց ակնկալվող դրամական փոխհատուցման մասին: Զրույցի ընթացքում ԲՀԿ-ականը բաց տեքստով խորհուրդներ էր տվել, թե երբ է պետք ներկայանալ, ինչ է պետք անել գումարը ստանալու համար:

Հետաքննության արդյունքում գրված հոդվածից հետո ոչ ԲՀԿ-ն, ոչ ոստիկանությունը չարձագանքեցին դրան: Ոստիկանությունը մինչ օրս չի արձագանքել: Իսկ ահա ԲՀԿ խոսնակը թերթին տված հարցազրույցում ստիպված լինելով անդրադառնալ խնդրին, հանդգնություն էր ունեցել հայտարարելու, որ լրագրողի կողմից պրովոկացիա է տեղի ունեցել և որ լրագրողը, ինչպես և ընտրակաշառք առաջարկողը, կարող է օրենքի առաջ պատասխան տալ դրա համար: Սա էլ դեռ քիչ է, հաջորդ օրը Տ. Ուրիխանյանը ասուլիսի ժամանակ դիմում է լրագրողին՝ «Կաշա՞ռք եք ուզում»:

Հարց է առաջանում, իսկ ումից և ինչ է ուզում ինքը՝ ԲՀԿ խոսնակը՝ «ընտրողներից ձայներ առնելու» սեփական կուսակցության հանրահայտ գործելաոճը կոծկելու համար և որքան է գնահատվում նման պահվածքը: Հետաքրքիր է նաև, թե ինչու է ԲՀԿ-ի բակային հանդիպումներին 10 հոգի հավաքվում, ինչի մասին բուռն դժգոհություն էր հայտնում կուսակցության ներկայացուցիչներից մեկը՝ նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո, որ հաջողությամբ ֆիքսել էին տարբեր ԶԼՄ-ների տեսախցիկները: Էլ կաշառք չե՞ք տալիս, վախենում եք բռնվե՞լ: Թե՞ արդեն կաշառքն էլ չի օգնում: Հայաստանի քաղաքական կյանքում իհարկե ցինիզմը մեծ տեղ ունի, ոչ միայն ԲՀԿ-ի, այլև մյուս բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները հաճույքով են դիմում դրան սեփական «աղբը» թաքցնելու համար, սակայն չափի զգացումը երբեք պետք չէ կորցնել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում