Կառավարությունը լուծարում է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունը

Կառավարությունը լուծարում է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունը

Կառավարության որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը կլուծարվի: Վարչության գործառույթները կամրացվեն կոմիտեի աշխատակազմում գործող համապատասխան մաքսատուն-վարչություններին:

«Ներկայացված առաջարկությունը հերթական կարևոր քայլերից մեկն է հանդիսանում ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման գործընթացն առավել հեշտացնելու ուղղությամբ», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ ավելացնելով, որ նախաբացթողումային հսկողության վարչությունը լուծարելով՝ ՊԵԿ-ը ձերբազատվում է ապրանքների, դրանց ուղեկցող փաստաթղթերի կրկնակի զննության հնարավորությունից:

«Պարոն վարչապետ, համոզված ենք, որ այս առաջարկությունը էական դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի վրա», – նշեց Միրումյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ևս նման համոզմունք հայտնեց ու ընդգծեց. «Շատ համարձակ, ճիշտ քայլ է: Մենք բիզնեսին վստահություն ենք ցուցաբերում, սահմանի վրա բիզնեսին տալիս ենք մաքսիմալ ազատ անցնելու հնարավորություն: Դրանով ցույց ենք տալիս, որ մեր ՊԵԿ-ն ուժ և համապատասխան հսկողության մեխանիզմներ ունի, որպեսզի, եթե այն, ինչ պայմանավորվում ենք, խախտվի, հետագայում հայտնաբերվի: Շատ լավ բան է»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում