Բամբակաշատի չրի արտադրամասից տարեկան 10-15 տոննա չիր է արտահանվում

Բամբակաշատի չրի արտադրամասից տարեկան 10-15 տոննա չիր է արտահանվում

Նախկին փորձի հիման վրա ստեղծված արտադրությունը. Sun Land

Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի որոշ մրգատու այգիների բերքն արդեն երեք տարի է տեղում մթերվում, տեղում էլ վերամշակվում է բնակիչների ձեռքով: Թե բամբակաշատցիներից ով ինչքան միրգ է չորացնում տնային պայմաններում` սեփական տեխնոլոգիայով, դժվար է ասել, բայց որ Sun Land-ի արտադրամասում տարեկան 10-15 տոննա չորացվում է, փաթեթավորվում ու արտահանվում, ընկերության հիմնադիր Արտյոմ Թադևոսյանն է փաստում. «Արտադրանքի մոտ 95 տոկոսը` 10-15 տոննա, արտահանում ենք Ռուսաստան: Մենք հիմնականում մեծածախ վաճառք ենք իրականացնում, տրամադրում ենք Մոսկվայի միջին ու բարձր դասի սուպերմարկետներին: Բացի այդ, ունենք նաև օնլայն խանութ, որտեղ պատվերներ ենք ստանում ՌԴ տարբեր մասերից ու ամբողջ երկրով մեկ առաքում իրականացնում»:

Արտյոմը խոստովանում է` Հայաստանում նման ծավալի արտադրություն հիմնելը ռիսկային էր, բայց արդարացված: Հնարավոր ռիսկերը հաշվարկել, որից հետո գործընկերոջ` Քաջիկ Հարությունյանի հետ սկսել է չրերի արտադրությունը:

Մի քանի տարի առաջ ընտանիքով Մոսկվայից Երևան տեղափոխված Արտյոմը թե´ գործունեության ոլորտը, թե´ արտահանման ուղղությունը պատահականորեն չի ընտրել: Այնտեղ` Մոսկվայում, ընկերոջ հետ բանջարեղենի վերամշակման արտադրամաս ունեին և սննդի արդյունաբերության ոլորտի մասին գիտելիքներն ու փորձը հենց այդտեղ է ձեռք բերել: «Աշխատում էինք շվեդական IKEA ռեստորանային ցանցի հետ, որից շատ բան սովորեցինք: Նրանք մեզ կրթեցին, ինչի արդյունքում բարձր ստանդարտներին համապատասխան ապրանք էինք արտադրում»:

Օրգանիկ լոգո` օրգանիկ մրգի դեպքում

Նույն ստանդարտներով նաև այս` չրերի արտադրությունն է կազմակերպում: Բամբակաշատի այգիներից հավաքված դեղձը, ծիրանը, տանձը, լոլիկը, սև ու կարմիր սալորներն արևի տակ չորացվում, հետո սառնարան են տեղափոխվում: Միայն ոչ արևոտ օրերին գործընթացը նորմալ ապահովելու համար միացվում է նաև չորացման սարքը, որը շահել են Ավստրիական զարգացման գործակալության «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն»` ՕԳԱՆ ծրագրով: Պահպանման պայմաններին հիմնադիրն անձամբ է հետևում. «Չիրը երկար մնում է, եթե ճիշտ է պահվում: Ջերմաստիճանային տատանումները չրի հիմնական «թշնամիներն են»: Քանի որ արտահանման դեպքում միջնորդները գրեթե բացակայում են, իրացման հետ կապված հարցերն անձամբ եմ լուծում, ուստի և մեր արտադրանքը սպառողներին հասնում է գերազանց վիճակում»:

Գործարարը վստահեցնում է` տարին գյուղատնտեսության համար բարենպաստ լինելու դեպքում չրերի տեսականին կընդլայնվի: Ընթացիկ տարում Sun Land ապրանքանիշի ներքո շուկա կհանվեն նաև հոնի ու բալի չրերը: Ի դեպ, ներկայիս տեսականին, բացի արտահանելուց, նաև տեղական շուկայում է ներկայացված` միայն թե առանց փաթեթավորման: ««Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ևս կան մեր չրերից, բայց կգ-ով է իրականացվում վաճառքը, մեր ապրանքանիշը չի տեսնում գնորդը»,-ասում է Արտյոմ Թադևոսյանը:

Sun Land-ը նաև օրգանիկ սերտիֆիկատ ունի, որից ստացած ֆերմերներին ՀՀ-ում մատերի վրա կարելի է հաշվել: Օրգանիկ այգիներից ստացված մրգից պատրաստված չիրն արտաքին շուկա է դուրս գալիս օրգանիկ լոգոյով: Անցած տարի, օրինակ, նման արտադրանք ունեցել են, բայց շատ քիչ: Հիմնադրի խոսքով` ՀՀ-ում այսօրվա դրությամբ, առհասարակ, 100 տոկոս էկոլոգիապես մաքուր միրգ գտնելը շատ դժվար է, նման այգիները քիչ են:

Օրգանիկ լոգո Sun Land-ի ոչ բոլոր չրերն ունեն, բայց չորացման տեխնոլոգիան գրեթե բոլորի համար նույն` բնական ճանապարհով է իրականացվում:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում