Լավրովը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի օրինակը հաջողված է համարում

Լավրովը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի օրինակը հաջողված է համարում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համոզված է՝ Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ հնարավոր է զարգացնել հարաբերություններ բոլոր ուղղություններով: Այս մասին ՌԴ ԱԳ նախարարն ասել է հայկական լրատվամիջոցների հարցերին ի պատասխան՝ անդրադառնալով հարցին՝ հնարավոր է արդյոք, որ հետագայում իրենց շահերը համադրեն ու համագործակցությունը զարգացնեն այնպիսի ինտեգրացիոն կառույցներ, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Եվրամիությունը (ԵՄ):

«Իսկապես, Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ գործնականում բացարձակապես անիմաստ չէ զարգացնել հարաբերություններ բոլոր ուղղություններով: Ընդհակառակը, դա ձեռնտու քաղաքականություն է և շահավետ տվյալ երկրի համար: Չի կարելի հետխորհրդային տարածքի երկրները դնել կեղծ ընտրության առաջ` լինել կամ Արևմուտքի, կամ Ռուսաստանի հետ: Դա բացարձակապես գաղափարախոսականացված, քաղաքականացված մոտեցում է: Այն, որ Հայաստանը պնդեց Եվրամիության հետ այդպիսի հարաբերությունների վրա, որոնք ստորագրված փաստաթղթերում որպես բաղադրիչ ներառում են այլ ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի իրավունքների ու պարտավորությունների ճանաչումը, կարծում եմ ճիշտ ուղղությամբ կատարված քայլ է: Անկասկած, որպեսզի ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի այլ մասնակիցների իրավունքները չխախտվեն, որպեսզի նրանց շահերին վնաս չպատճառվի, շատ կարևոր է, որ Եվրոպական միությունը հրաժարվի «կամ/կամ»-ի արատավոր տրամաբանությունից, որն արդեն հանգեցրել է Ուկրաինայի 2014 թվականի իրադարձություններին: Դա հավասարազոր է նրան, որ տվյալ ազգից գողանաս բոլոր հարևանների հետ լիարժեք, լիակատար ձևաչափով համագործակցություն զարգացնելու հնարավորությունը»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հետևողականորեն առաջ է տանում հատկապես այսպիսի մոտեցում:

Նա հիշեցրել է, որ դեռևս 2015-ին Եվրասիական միությունն առաջարկեց Եվրամիությանը սկսել կապեր հաստատել: «Այդ ժամանակ բացարձակապես գաղափարախոսականացված, քաղաքականացված պատճառներից ելնելով՝ Եվրամիությունը հնարավոր չհամարեց Եվրասիական տնտեսական միությունը դիտարկել որպես լիարժեք գործընկեր: Այդ կանխակալությունը, նախապաշարվածությունը հայտնի չափով պահպանվում են մինչ օրս: Սակայն, Բրյուսելում հայտնվել են ողջախոհ մարդիկ: Ու արդեն Եվրոպական տնտեսական հանձնաժողովը, Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունը իրենց փորձագետների մակարդակով կապեր են հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետների հետ: Հիմա հետաքրքրություն է ցուցաբերվում այն բանի հանդեպ, որ փորձագիտական այդ կապերը դառնան մշտական»,- ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Նա կարծիք է հայտնել, որ հենց դա է առաջին քայլը, քանի որ կյանքն ինքնին կստիպի մեր եվրոպական գործընկերներին աշխատել ԵԱՏՄ-ի, ԵԱՏՀ Կոլեգիայի հետ, որը, ի դեպ, ինչպես ՀԱՊԿ-ն, ներկայում գլխավորում է ՀՀ քաղաքացի (ԵԱՏՀ կոլեգիան գլխավորում է Տիգրան Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Յուրի Խաչատուրովն է- խմբ.): Բացի այդ, նա հիշեցրել է, որ ներկայում շատ հարցեր առևտրի, ծառայությունների մատակարարման, ներդրումների ոլորտներում լուծում է ԵԱՏՀ-ն:

«Ես բավականին լավատեսորեն եմ դիտարկում ԵԱՏՄ և ԵՄ հետագա հարաբերությունները: Չնայած այդ ապագան շատ շուտ չի գա, բայց կյանքը կստիպի աստիճանաբար շարժվել իրար ընդառաջ: Վստահ եմ, որ Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը, ով ղեկավարում է ԵԱՏՀ Կոլեգիան, կօգնի այդ ուղղությամբ ընթանալուն»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում