Թոմաս Տուխելը դառնալու է «Պարի Սեն Ժերմենի» նոր գլխավոր մարզիչը: Գերմանացին ու փարիզյան ակումբը 2 տարվա պայմանագիր են կնքելու: Ֆրանսիացիները հնարավորություն կունենան այն մեկ տարով երկարաձգելու,- գրում է sportbuzzer.de-ն:
Գործարքն ուժի մեջ կմտնի ընթացիկ մրցաշրջանից հետո, երբ ՊՍԺ-ի մարզչի պաշտոնը կթողնի Ունաի Էմերին: Հավանական թեկնածուներից Տուխելին ընտրել է Քաթարի էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թանին: ՊՍԺ-ն հենց նրա ներդրումային ֆոնդին է պատկանում:
Ավելի վաղ փարիզցիների նախագահ Նասեր Ալ Խելայիֆին բանակցել է Անտոնիո Կոնտեի, Լուիս Էնրիկեի, Մասիմիլիանո Ալեգրիի ու Կարլո Անչելոտիի հետ, իսկ ակումբի մարզական տնօրեն, պորտուգալացի Անտերու Էնրիկեն առաջադրել է իր հայրենակիցներ Լեոնարդու Ժարդիմի ու Պաուլո Ֆոնսեկայի թեկնածությունները:
Հիշեցնենք, որ Տուխելը նախկինում գլխավորել է «Մայնցն» ու Դորտմունդի «Բորուսսիան»: