Հիմար կապիկները
Նմանատիպ
Երկու մայր կապիկներ կերակրում էին իրենց ձագերին:
Մի կապիկը պառավ, փորձված մայր էր, նա ձեռքով ամուր բռնել էր իր փոքրիկին, իսկ մյուսը՝ երիտասարդ կապիկը, ամբողջ ժամանակ ննջում էր: Նա նստում էր, նստում, ձեռքերը թուլանում էին, բացվում, եւ թվում էր, թե նրա ձագուկը դուրս կպրծնի եւ ցած կընկնի հատակին:
Պառավ կապիկն այս տեսավ եւ ձգեց նրա ականջից, իբրեւ թե՝ արթնացիր, ի՞նչ ես անում:
Երիտասարդ կապիկն արթնացավ, ավելի ամուր բռնեց իր երեխային եւ ավելի հարմար նստեց:
Նորից մայր կապիկներն նստած էին իրար կողք կողքի եւ կերակրում էին իրենց ձագերին:
Մի քիչ հետո երիտասարդը նորից սկսեց տանձ կշռել՝ քնել: Ահա՛, ահա՛, որտեղ որ է կգցի երեխային:
Այդ ժամանակ ծեր կապիկը թեթեւակիորեն բռունցքներով հրեց նրա կողքը: Երիտասարդը ցնցվեց, ուղղվեց եւ իր սեւ, փոքրիկ ձեռքերով գրկեց ձագուկին:
– Տեսե՛ք, տեսե՛ք, – խոսում էին մարդիկ, որոնք կանգնած էին վանդակի մոտ,- ինչ խելոք են այս կապիկները, ինչպես են իրար սովորեցնում: Ոնց որ իսկական մարդիկ:
Բայց ահա երիտասարդ կապիկը նորից քնեց. քնից չէ՞ր կշտացել, թե ինչ: Եվ պառավ կապիկը ամբողջ ուժով քաշեց նրա պոչից:
Մի կռիվ սկսվեց եւ ի՞նչ կռիվ, իսկական կապկային:
Վերեւի ձողի վրա երկու մայրեր հասցնում էին իրար բռունցքներով, քաշում մեկ մեկի պոչից, մազերից, բոլորովին մոռացել էին իրենց ձագերին: Իսկ նրանք վաղուց ընկել էին հատակին՝ ջարդվածքներ ստացել, լաց էին լինում: Իսկ մայրերը ծամածռություններ էին անում, ատամները ցույց տալիս, աքաղաղների պես իրար վրա թռչում:
Այ քեզ խելոքնե՜ր:
Եվգենի Չարուշին
Աղբյուր՝ heqiat.am։