Հպարտ եմ Դիարբեքիրից թեկնածու առաջադրվելու կապակցությամբ. Գարո Փայլան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն առաջին մեկնաբանությունն է արել խորհրդարանական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ընտրացուցակում ընդգրկվելու առնչությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա եռալեզու՝ հայերեն, քրդերեն ու թուրքերեն գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «Բարև, Տիգրանակերտ: Հպարտ եմ Դիարբեքիրից թեկնածու առաջադրվելու կապակցությամբ»:
Նա հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կրկին առաջադրվել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից: Ի տարբերություն, սակայն, 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների, որտեղ Փայլանն առաջադրվել էր Ստամբուլում, այս անգամ նրա թեկնածությունը կառաջադրվի Դիարբեքիրում:
Գարո Փայլանը պատգամավոր ընտրվելուց ի վեր աչքի է ընկել Թուրքիայի մեջլիսում իր համարձակ ելույթներով: Դրանցում նա բազմիցս բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով իշխանություններին առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել սեփական հանցանքը: Պատգամավորն անգամ համապատասխան առաջարկ էր ներկայացրել, որով նախատեսվում էր 1915 թվականի դեպքերը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն: Առաջարկը, սակայն, մերժվել էր: Նա նաև պարբերաբար բարձրաձայնել է պոլսահայ համայնքին հուզող հարցերը, մասնավորապես Պոլսո Հայոց պատրիարք ընտրելու անհրաժեշտության հարցը:
Խորհրդարանի ամբիոնից ցեղասպանության մասին խոսելու համար նա անգամ ենթարկվել է կարգապահական տույժի: Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում