Մկնիկն ու մրջյունը
Նմանատիպ
Փոքրիկ մրջյունը մի օր
Անտառում մնաց մոլոր,
Եկավ խնդրեց մկնիկին.
– Արի՛ խաղանք միասին:
Բայց մկնիկը, – դե գիտես,
Ինչպե՞ս խաղամ քեզ հետ ես,
Այնպես բան ես ուզում որ,
Դու պուճուր ես, ես խոշոր:
Քանի շուտ է, հեռացիր,
Ոտքերիս տակ մի՛ ընկիր,
Ու մրջյունին վախեցած
Թողեց մենակ ու գնաց,
Քիթը տնկած քայլելով,
Իբրև գազան մի հզոր:
Դեռ չէր գցել երկու քայլ,
Դեմը թռավ կատուն չաl:
Երախը բաց, լեզուն կախ,
Աչքերի մեջ չկար վախ:
Եվ մկնիկիը դողալով
Ետ-ետ գնաց կաղալով:
Ուզեց փախչել, թաքնվել,
Այդ չար կատվից ազատվել,
Երբ շուռ եկավ, որ ծլկի,
Ոտքը կպավ մեծ քարին:
Գլորվելով ընկավ ցած
Դեպի փոսը վաղ փորված,
Գլուխն առավ հատակին,
Աչքը թռավ ճակատին:
Այնքան ուժեղ թրմփաց,
Կատուն մնաց զարմացած:
Հառեց աչքերը պղտոր,
Տեսավ փոսը շատ է խոր:
Թեև չուներ ուտելիք
Եվ սոված էր նա սաստիկ,
Թողեց այդպես ու գնաց
Քաղցից լրիվ կատաղած:
Մկնիկն արդեն հեզ ու խեղճ
Երկար մնաց փոսի մեջ:
Ուժից ընկած, թուլացած
Ատամները ջարդոտված:
Գալարվում էր ցավերից,
Դժգոհելով իր բախտից:
Եվ չգիտեր ճիշտն ասած
Ո՞ղջ է արդյոք, թե մեռած:
Ու մրջյունին նա հիշեց,
Նվազ ձայնով հառաչեց.
– Վայ եմ տալիս ուժասպառ,
Անօգնական ու թշվառ:
Փոքրի՛կ մրջյուն, ի՛նձ լսիր
Եվ օգնության շտապիր:
Չար կատվին եմ հանդիպել
Ու փորձանքի մեջ ընկել:
Քո նկատմամբ գիտեմ,որ
Եղել եմ ես մեղավոր…
Խոսքը թողեց անավարտ,
Փռվեց գետնին ուժասպառ:
Ուշիմ մրջյունը սակայն
Հետևել էր մկնիկին,
Երբ այդ աղերսը լսեց,
Հոնգուր-հունգուր արտասվեց:
-Մկնի՜կ, – կանչեց սրտացավ.
Կատուն թողեց, հեռացավ:
Որոշել եմ հիմա ես
Ամեն գնով փրկել քեզ:
Գիտեմ, ցավեր ունես շատ,
Պետք չէ լինե՛լ հուսահատ:
Ես կգնամ մրջնանոց`
Որ քեզ գտնեմ ճար-միջոց;
Մոլորվել էր մրջյունը,
Շատ էր հեռու իր բույնը,
Իսկ վազում էր նա արագ
Արահետով մեն-մենակ:
Մութն ընկնում էր արդեն,
Չէր երևում դեռ ճամփեն:
Եվ մրջյունը կանգնեց,
Ինչ է, լույսե՞ր նկատեց:
Ճիշտ է հոգնել էր կարծես,
Բայց չէր մնա նա այսպես,
Երբ մոտեցավ, պարզվեց`
Լուսատտիկն էր դա մեծ:
-Ի՜մ հեռավոր ազգական:
Ո՞ւր է տանում այս ճամփան,
Մոլորվել եմ անտառում,
Ինչպե՞ս հասնեմ մրջնաբույն:
Մկնիկն ընկել է խոր փոս,
Թե չփրկենք, շատ ափսոս,
Ուղեկցի՛ր ինձ դեպի տուն
Քո լապտերով վառվռուն:
Լուսատտիկը բարի
Նրան ասաց, – Դե արի
Եվ բարձրացիր իմ ուսին,
Մենք կթռչենք միասին:
Օդում թեթև ճախրելով,
Տեղ են հասնում շատ շուտով:
Շնչակտուր մրջյունը
Ներս է մնում իր բույնը:
Մրջյուներին արթնացնում,
Եղած-չեղածը պատմում:
Վերջում դիմում բոլորին
– Պետք է փրկենք մկնիկին:
Մկնիկը լուռ այդ ժամին`
Դեռ անսովոր խավարին,
Սպասում էր անհամբեր
Աչքը հառած դեպի վեր:
Կարծես հրաշք կատարվեց,
Երբ նկատեց, թե ինչպես
Ծանոթ մրջյունն իջավ ցած
Լուսատտիկին նստած:
Մրջյուններով ժրաջան
Շտապում ենք օգնության:
Կազմել ենք մենք շարասյուն
Փոսից մինչև մրջնաբույն:
Երկար պարան ենք բերել,
Ծառի բնից պինդ կապել,
Որ քեզ հանենք այստեղից
Թեկուզ մեծ ես մեզանից:
Եվ մրջյուններն իրոք
Վարվում էին շատ խելոք:
Շուռ տվեցին մկնիկին,
Պարանը գցեցին մեջքին:
Փորի տակից հանեցին,
Ամուր հանգույց սարքեցին,
Շատ էլ մկնիկն ասաց.
-Ամա՜ն կողերս ցավաց:
Չէին լսում, միասին
Պարանն էին վեր քաշում:
– Մկնի՛կ, էլ մի տնքտնքա,
Վերջացրեցինք մենք ահա:
Մկնինկն էլ քիչ շվարած`
Նայում էր վեր, նայում ցած,
Չի հավատում, որ իրեն
Փոսից հանել են արդեն:
Դե՛ ինչ, մնում էր միայն,
Որ պարանը հավաքեն:
Նորից կազմեցին շարան
Ու բռնեցին տան ճամփան:
Շուրջը խավար, մութ գիշեր,
Ինչ աղմուկ է, եռուզեռ,
Թռչկոտում էր առաջ-ետ,
Մկնիկը գոհ նրանց հետ:
Պատմությունն էլ ա՛յ այսպես
Ավարտում ենք վերջապես.
Թող բոլորն էլ իմանան`
Պետք են իրար նեղ օրվան:
Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։