Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների տուգանքների համաներումը տարածվելու է բոլորի վրա. Զեյնալյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Վարչական իրավախախտումների համաներման մասին օրենքի նախագիծը գտնվում է հանրային քննարկման փուլում և շուտով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին:
Պատգամավորի հետաքրքրվեց՝ համաներումը տարածվելո՞ւ է Ջավախքի հայ քաղաքացիների վրա, ովքեր վրացական համարանիշով մեքենաներով երթևեկել են Երևանում, որովհետև կան Ջավախքի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր նույնպես ունեն խոշոր չափի տուգանքներ: Պատգամավորը հայտնեց, որ Ջավախքի հայ քաղաքացիները միայն սույն թվականի հունիսի 4-ին են իրազեկվել այդ տուգանքների մասին:
Արտակ Զեյնալյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, շեշտեց, որ համաներումը տարածվելու է բոլորի վրա՝ անկախ քաղաքացիությունից, անկախ ազգությունից, առանց որևէ խտրականության: «Բոլորը, ովքեր ունեն վարչական իրավախախտումներ, նրանց վրա դա կտարածվի»,-նշեց նախարարը:
Նա հավելեց, որ ժամկետների հետ կապված այս պահին ոչինչ չի ասի, որովհետև հարցը պետք է քննարկվի կառավարությունում և կայացվի քաղաքական որոշում: «Մենք նախատեսում ենք նաև որոշակի մեխանիզմների սահմանում, որ ժամանակի հատվածը սպառվելուց հետո այդ վարչական տուգանքն այլևս որևէ մեկի վրա ծառացած չմնա: Նախատեսվում է համաներում, որը տարածվելու է բոլորի, այդ թվում՝
Ջավախքի բնակիչների վրա»,- ընդգծեց Զեյնալյանը:
Շիրակ Թորոսյանը շնորհակալություն հայտնեց նախարարին կարևոր հայտարարության համար՝ նկատելով, որ ինքն ամենևին իրավախախտներին խրախուսելու կողմնակից չէ: «Բայց կա հանգամանք, և մենք պետք է հաշվի առնենք այդ հանգամանքները: Սա սկզբունքային նշանակություն ունի, դրա համար ես կառավարությանն առաջարկելու եմ, որ ջավախքցիների մասով հաշվի առնեն հունիսի 4-ի ժամկետը, որովհետև այդ օրվանից է մարդկանց իրազեկվել, և մարդիկ տեղյակ չեն եղել, որ իրենց վրա բավականին տուգանքներ են կուտակվել»,- ասաց Թորոսյանը:
Արտակ Զեյնալյանը հստակեցրեց, որ իրենք առաջնորդվելու են նրանով, թե երբ է կայացվել վարչական իրավախախտման վերաբերյալ ակտը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում