Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջև տնտեսական և առևտրային համագործակցության համաձայնագրին

Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջև տնտեսական և առևտրային համագործակցության համաձայնագրին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը: Փաստաթուղթը ստորագրվել է 2018 մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, համաձայնագիրն ապահովում է պետական կարգավորման տարբեր ուղղություններով փոխգործակցության այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս առավելագույնս հաշվի առնել Եվրասիական տնտեսական միության ընդհանուր և յուրաքանչյուր անդամ պետության առանձին շահերը, ինչպես նաև՝ գործարարության շահերը, կարգավորման թափանցիկությունն ու կանխատեսելիությունը ազգային և վերազգային մակարդակներում: Համաձայնագիրը կրում է ոչ արտոնյալ բնույթ և մաքսատուրքերի նվազեցում չի ենթադրում:

Համաձայնագրով նախատեսվում են այնպիսի բաժիններ, ինչպիսիք են` «Թափանցիկությունը», «Առևտրի պաշտպանական միջոցները», «Առևտրի տեխնիկական խոչընդոտները», «Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները», «Մաքսային համագործակցությունը և առևտրի դյուրացումը», «Մտավոր սեփականության իրավունքները», «Մրցակցությունը», «Պետական գնումները», «Ոլորտային համագործակցությունը», «Էլեկտրոնային առևտուրը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում