ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանների Հռչակագրի 20-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանների Հռչակագրի 20-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացավ Մարդու իրավունքների պաշտպանների հռչակագրի ընդունման 20-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպումը, որին ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը (António Guterres), Մարդու իրավունքների Բարձր հանձնակատար Միշել Բաշելեն (Michelle Bachelet), մի շարք անդամ երկրների և միջազգային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր ելույթում անդրադարձավ իրավապաշտպանների կարևոր դերակատարությանը հիմնարար ազատությունների խրախուսման և մարդու իրավունքների ոտնահարումները կանխարգելելու գործում՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունն առաջ մղելու կանխարգելման օրակարգը, այդ թվում՝ զանգվածային ոճրագործությունների և ցեղասպանության հանցագործության կանխարգելման ուղղությամբ:

ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից նշվեց, որ մարդու հիմնարար իրավունքների և արժանապատվության պաշտպանության սկզբունքներն են ընկած եղել հեղափոխության արդյունքում Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական վերափոխումների հիմքում։ Ընդծվեց, որ օրենքի գերակայության ամրապնդումը, քաղաքացիական և քաղաքական կյանքին կանանց և երիտասարդության ակտիվ մասնակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարն ու հավասար հնարավորությունների ապահովումն առանցքային նշանակություն ունեն ՀՀ քաղաքական օրակարգի համար, ինչը նաև Հայաստանը ձգտելու է խրախուսել միջազգային ասպարեզում։ Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց Հայաստանի թեկնածության առաջադրմանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Խորհրդի 2020-22թթ. անդամակցության համար

Հետևեք մեզ նաև Telegram-ում