Անի Սամսոնյան. Եկել եմ ձեզ մի քիչ շեղեմ տոնածառի հանդեսից

Անի Սամսոնյան. Եկել եմ ձեզ մի քիչ շեղեմ տոնածառի հանդեսից

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Եկել եմ ձեզ մի քիչ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից»,- այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում իր ելույթն այսպես սկսեց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Սամսոնյանը՝ խոսելով երեք ամսվա համատեղ աշխատանքից։

Դիմելով քաղաքապետին՝ նա ասաց. «Այդ ընթացքում ակնկալիքները շատ ավելի մեծ են եղել ձեր աշխատանքից, քան իրականությունն է։ Երբևէ նման իլյուզիաներ և ֆանտազիաներ չեմ ունեցել, որ Դուք կախարդական փայտիկով լուծելու եք բոլոր խնդիրները, բայց այս ընթացքում ծագել են մի շարք սկզբունքային հարցեր, որոնց դուք այդպես էլ լուծում չեք տվել։ Այսը նթացքում քաղաքապետին երկու նամակ եմ գրել, երկուսին էլ անհասկանալի պատասխաններ է ստացվել, ավելի լավ է չպատասխանեիք ինձ, պարոն քաղաքապետ։

Առաջին նամակով խնդրել էի հանդիպում Ձեր, ԿԳ նախարարի, իմ և այն ուսուցիչների միջև, որոնք անարդարաբար և նվաստացուցիչ կերպով վիրավորված էին ձեր հանրակրթության վարչության պետից: Ես բերել էի փաստարկներ, կային վկայություններ: Կային ինչ-որ ձայնագրություններ կիսատ-պռատ, նախարարությունն ասաց՝ եկեք, վերցրեք: Կգանք, բա չենք գա: Այս հարցի շուրջ խայտառակ եղավ հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, տիկին փոխնախարարը, խայտառակ եղաք նաև Դուք, պարոն քաղաքապետ: Ես պահանջեցի, որ դուք պետք է հեռացնեք այդ անէթիկա պաշտոնյային: Ես նաև կոչով դիմեցի «Իմ քայլը» խմբակցության անդամներին: Ձեզնից որևէ մեկը հարց չուղղեց քաղաքապետին, թե ինչու չեք հեռացնում Աննա Ստեփանյանին: Ինձ չի պատասխանում:

Ընտրություններից հետո ասում էիք՝ ոչինչ, որ ընդդիմությունը քիչ է ավագանու կազմում, մենք ենք լինելու ընդդիմությունը, ու՞ր մնաց Ձեր պատասխանատվությունը, հաշվետվողականությունը հանրության առջև։

Մարդիկ ասում են՝ քաղաքապետն ասում էր՝ իմ դեմ խաղ չկա: Այո, իր դեմ խաղ չկա, բայց ինքն իմ հարցերին չի պատասխանում: Ինձ ասում են՝ քաղաքապետն այս հարցում շահ ունի, դու միամիտ ես: Ի՞նչ ասեմ ես այդ մարդկանց, դուք ունե՞ք այս հարցերի պատասխանները, պարոն քաղաքապետ»,- ելույթում ասաց Անի Սամսոնյանը:

Ավագանու անդամն ասաց, որ իր մյուս նամակը աղբահանության և «Սանիտեք»-ի հարցին է վերաբերել, որի պատասխանից եզրահանգում է, որ քաղաքապետը չգիտի՝ ինչպես լուծել այդ խնդիրները։

Նա կոչ արեց քաղաքացիներին ֆլեշմոբ կազմակերպել և իրենց ֆեյսբուքյան էջերից աղբի նկարներ ուղարկել քաղաքապետին ու մյուս պաշտոնյաներին. «Դուք պետք է արթնանաք ու քնեք աղբի նկարներով: Մարդիկ էլ չեն գնալու «Սանիտեք»-ի դիմաց ակցիա անեն, մաշված, կեղտոտ ու կոտրված կոնտեյներները բերելու են քաղաքապետարանի բոլոր մուտքերը փակեն: Սա լինելու է Ձեր աշխատանքի երեք ամսվա արդյունքը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում