Հունաստանի խորհրդարան է ներկայացվել Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը

Հունաստանում վարչապետ Անտոնիս Սամարասի գլխավորած խոշոր «Նոր ժողովրդավարություն» խորհրդարանական խմբակցությունը խորհրդարան է ներկայացրել Ցեղասպանության և Հոլոքոստի հերքումը քրեականացնող օրինագիծ: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը, վկայակոչելով «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:

Նրանք, ովքեր կանխամտածված հրապարակավ, բանավոր կամ մամուլի, համացանցի կամ որևէ այլ միջոցով կսատարեն կամ կթերագնահատեն ցեղասպանության, հոլոքոստի և նացիզմի հանցագործությունների ծանրությունը, կպատժվեն երեք ամսից մինչև երեք տարվա ազատազրկմամբ, կամ էլ կտուգանվեն 5-ից մինչև 20 հազար եվրոյով:

Իրավաբանական անձինք կարող են տուգանվել 10-100 հազար եվրո գումարի չափով և 1-6 ամսով զրկվել հանրային աջակցության ցանկացած տեսակից:

Նմանատիպ պատիժ է նախատեսված նաև նրանց համար, ովքեր հրահրում կամ որևէ այլ կերպ բռնության կամ ռասայի, մաշկի գույնի, կրոնի, ծագման, ազգային պատկանելության պատճառով ատելության կոչեր են անում, ինչպես նաև նրանց, ովքեր մասնակցում են ռասիստական ակցիաների կազմակերպմանը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում