Վեճ Պ. Հայրիկյանի սպանության փորձի գործով դատավարության ժամանակ

«Այդ չարաբաստիկ օրը իմ աղջկա հետ նստած հեռուստացույց էինք նայում, հանկարծ աղմուկ լսվեց, և Նարեն անջատեց հեռուստացույցը, մոտեցավ պատուհանին ու բղավեց` հայրիկն է: Ես անմիջապես դուրս եկա շքամուտք և տեսա, թե ինչպես էր ամուսնուս կրծքավանդակից արյունը շիթի նման դուրս ցայտում», -այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հայրիկյանի դեմ մահափորձի գործով Վ. Սեդրակյանի և մյուսների դատավարության ժամանակ ցուցմունքներ տալիս հայտարարեց Պարույր Հայրիկյանի կինը` Սուսաննա Ավագյանը:Այս մաիսն հայտնում է Panorama.am-ը:

Այնուհետև վկան տեղեկացրեց, որ այդ պահին հարևան Կարենը մոտեցել, գրկել է, երբ տեսել է աչքերը փակվում է, խփել է դեմքին, որ չքնի: «Չգիտեմ` ով, երբ, ինչպես զանգեցին ոստիկանություն: Սկզբում ոստիկանությունը եկավ, հետո` շտապօգնությունը»,- հայտարարեց վկան: Ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հարցրեց վկային, թե կարո՞ղ է նկարագրել վկան` ինչպե՞ս էր արյունը դուրս գալիս: Հայրիկյանի կինը ակնհայտորեն վրդովվեց հարցից և ասաց. «Ինչպե՞ս նկարագրեմ, արյունը շիթի նման դուրս էր գալիս»:

Հարցին այնուհետև առարկեց մեղադրող դատախազը` նկատելով, որ հարցը անտեղի է, իսկ դատավորն էլ ասաց, որ հիվանդության պատմությունը դեռ քննված չէ և այդ պատճառով հարցն անտեղի է: Մյուս ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանի փաստաբան Ավետիսյանը երբ սկսեց մանրամասն հարցաքննել վկային հեռուստացույցից վկայի հեռավորության, պատշգամբի դիրքի և բակում կայանված մեքենայի մասին, մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը առարկեց և ուղղորդեց փաստաբանին հարցերը ձևակերպել ոչ թե որպես փաստ, այլ տալ ուղղակի հարցեր: Իր հերթին Սիրունյանը դատարանում հայտարարեց, որ մեղադրող դատախազը ուղղություն է տալիս փաստաբաններին և դա իր լիազոորությունների մեջ չի մտնում: Փաստաբանների ու մեղադրող դատախազի միջև վեճը ակնհայտորեն դուր չեկավ նիստը վարող դատավոր Գագիկ Պողոսյանին, և նա բարկացած նկատողություն արեց. «Չեմ պատրաստվում հանդուրժել Ձեր վիճաբանությունները, հակառակ դեպքում կմտածեմ պատժելու մասին, անկախ նրանից, թե կողմերից ով կլինի դա»:

Դատական նիստին չի մասնակցում տուժող Պարույր Հայրիկյանը. Նրա ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնից տեղեկանք ներկայացրեց և ասաց, որ Հայրիկյանը դեռ բուժվում է և այս պահին չի կարող ներկա լինել նիստին: Սակայն չբացառեց, որ հետագայում նա ներկայանա: 

Ինչպես հայտնում է Haynews.am- ը, դատարանը անցավ Պարույր Հայրիկյանի դստեր՝ Նարե Հայրիկյանի հարցաքննությանը: Ն. Հայրիկյանը նշեց, որ ինքն ու մայրիկը հեռուստացույց էին դիտում. «Այդ պահին դրսից խուլ պայթյունի պես ձայն ու բարձր գոռոց լսվեց, ես վազեցի պատուհանի մոտ, տեսա հայրիկի պորտֆելը ձեռքից թռավ, վազեցինք փողոց, հայրիկը արյունոտված ընկած էր գետնին, հարևանները ոստիկանություն, շտապօգնություն էին կանչում, նրան տեղափոխեցին հիվանդանոց:

Այդ օրը մեր հարևաններից մեկը դրսում սև շորով մարդ է նկատել, մանրամասներ չի հայտնել, իր մայրն է ինձ ասել, որ նման մարդ է նկատել փողոցում»,-ասաց նա:

Վ. Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը հարցրեց՝ ի՞նչ է ասել Պ. Հայրիկյանը այդ պահին: Ն. Հայրիկյանը նշեց, որ միայն գոռում էր ցավից:

Դատարվորի հարցին՝ կրակոցի ձայն լսել է, Ն. Հայրիկյանը նշեց, որ այո, նման բան լսել է:

Ն. Հայրիկյանը նշեց, որ հայրիկը իրեն դեպքի հետ կապված որևէ բան չի հայտնել:

Պաշտպան Գայանե Գալոյանը խնդրեց պարզաբանել, ինչ վիճակում է տեսել պայուսակը, Ն. Հայրիկյանը նշեց, որ տեսել է պատուհանից այն օդում թռչելիս, հետո էլ երբ հասել է բակ, տեսել է այն գետնին հավասարվելու պահին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում