Մաքսիմ Հակոբյանը դեմ չէ , որ որդին Սյունիքի մարզպետ դառնա

Պարզվում է՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, մարզպետ Սուրեն Խաչատրյանին, Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, սպանված Ավո Բուդաղյանին եւ մյուսներին հրավիրել Սդղի լիճ՝ հացկերույթի, որից ժամեր անց էլ մարզպետի տան մոտ տեղի է ունեցել արյունոտ միջադեպը։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը, որը զրուցել է Մաքսիմ Հակոբյանի հետ։ Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Պարոն Հակոբյան, իսկ ո՞րն է Ձեր գնահատականը կատարվածի։

Ես շատ խիստ քննադատում եմ, չի կարելի էդպիսի բան անել։ Դա մեր հասարակության համար շատ անընդունելի երեւույթ է։

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, փաստորեն, ժամանակավոր հրաժարական է տվել։ Տեսակետներ կան, որ այս դեպքից հետո նա պիտի ընդմիշտ հրաժարական տար։

Չէ, ինչի համար, եթե ինքը հիմա հրաժարական տա, նշանակում է՝ էն գլխից ընդունում ա մեղավորությունը։ Ես ինչ իմանամ՝ ով ա մեղավորը։ Քննիչները պիտի քննեն, որ ասեն։

Սակայն փաստ է, որ իր տան մոտ է եղել դեպքը եւ իր տղան է ձերբակալվել։

Ձերբակալված է, կպարզեն, հիմա հայտարարություն անել ճիշտ չի լինի։ Ճիշտը նա կլինի, որ մանրակրկիտ ուսումնասիրեն, մեղավորներին խիստ պատժեն, որ նման բան չկրկնվի։ Շատ անընդունելի բան էր։

Պարոն Հակոբյան, հնարավոր է կառավարությունը որոշի, որ Սուրեն Խաչատրյանն այլեւս չի ղեկավարելու Սյունիքի մարզը։ Այդ դեպքում ո՞ւմ եք տեսնում մարզպետի պաշտոնում։ Հնարավո՞ր է Դուք կամ Ձեր տղան մարզպետ դառնաք։

Ես էնքան լավ պաշտոնի եմ, որ էսօր, որ ինձ Ռուսաստանի պրեզիդենտն էլ առաջարկեք, ես չեմ գնա։ Շատ հզոր պաշտոնի եմ ես, ինչի՞ պիտի գնամ։

Տեւական ժամանակ խոսակցություններ կային, որ Ձեր տղան է ուզում մարզպետ դառնալ։

Դե, ով որ նշանակում ա, նրան հարցրեք։ Ես հրամանը չեմ կարող տալ, իմ ուժերից վեր ա։

Իսկ դուք կուզե՞ք, որ Ձեր տղան դառնա Սյունիքի մարզպետ։

Ես չեմ կարող պատասխանել։ Իմ տղան ինքնուրույն ա որոշելու։ Իմ տղան հասուն տղաա, գիտությունների թեկնածու, քաղաքական կոփվածություն ունի, ինքը պետք է որոշի, ես իրեն չեմ կարող թելադրել։

Կարծում եք՝ կարո՞ղ է լինել մարզպետ։

Ես ինչ իմանամ, ինքը կիմանա, կորոշի, ես իմ տղայից հազարավոր կիլոմետր հեռու եմ ապրում…»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում