Դավթաշենի թաղապետի դեմ դավեր են նյութում

Վերջին օրերին Դավթաշենի թաղապետ Ռուստամ Բաղդասարյանն իր համար անհասկանալի ինտրիգի կենտրոնում է հայտնվել: Մի քանի լրատվամիջոցներ նամակներ են ստացել թաղի բնակիչ ոմն Անուշից միևնույն տեքստով: Անուշը ներկայացել է որպես սրտացավ բնակիչ և «բարեկամաբար» ԶԼՄ-ներին տեղեկացրել, որ թաղապետարանում լարված մթնոլորտ է, իսկ թաղապետը շուտով հրաժարական է տալու: Հայտնել է նաև, որ Բաղդասարյանն արդեն մի քանի օր է աշխատանքի չի գալիս, և թաղապետարանի մի քանի աշխատողներ ազատվել են աշխատանքից:

Թեմայի շուրջ պարզաբան ստանալու նպատակով «Հրապարակ»-ը զրույցել է Դավթաշենի թաղապետ Ռուստամ Բաղդասարյանի հետ:

– Դավթաշենում հզոր ԲՀԿ-ականներ բիզնես ունեն՝ Կարամելի Հարութը, Ռուբեն Գևորգյանը, որը Ձեր քեռին է, և որի հետ, ասում են, այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեք:


– Ես ներընտանեկան հարցերին չեմ ուզում անդրադառնալ: Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա լուրջ բիզնեսմեններ, այնպիսիք, որոնք բնակիչներին օգնեին, երբ պետք լինի, ցավոք, Դավթաշենում չկան:

– Հնարավո՞ր է, որ Ձեր քաղաքական մրցակիցների՝ ԲՀԿ-ի սարքած ներքին ինտրիգները, «մուտիլովկաները» լինեն Ձեր հեռանալու մասին լուրերի տարածումը: ԲՀԿ-ի դիրքերը Ձեր թաղում ուժեղ են:


– Բացարձակ: Ոչ մի ինտրիգ չկա: Ես գործող թաղապետ եմ, քաղաքապետն էլ իմ աշխատանքից գոհ է: Եթե գոհ չլիներ, ինձ կասեր: Անհիմն, ստահոդ լուրեր են: Չեմ հասկանում, թե ով է տարածում:

– Կա՞ն մարդիկ, որոնք ազատվել են աշխատանքից:


– Աշխատանքից ազատումներ քիչ են եղել: Մեկը տեղափոխվել է օդանավակայանում աշխատելու, մեկը ֆիզարձակուրդ է գնացել:

– Ձեր հեռանալու մասին լուրեր տարածողները վստահեցնում են, որ Դուք ընտրությունների ժամանակ ընդամենը 48-49 տոկոս եք բերել ՀՀԿ-ին, և այդ պատճառով Ձեզնից գոհ չեն վերևում:


– Եթե խոսքն ընտրությունների մասին է, ապա 48-49 տոկոսը հաղթանակ է: Մենք՝ ՀՀԿ-ն, Դավթաշենում հաղթել է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում