Նպատակահարմար կլիներ սփյուռքի այլ գաղթօջախների ներգրավվածությունը ևս ապահովել այս նորաստեղծ կառույցի աշխատանքներում. Հերմինե Մխիթարյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հունիսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սառա Անջարգոլյանը նշանակվեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար։ Ավելի վաղ` հունիսի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար էր նշանակվել Զարեհ Սինանյանը: Այս նշանակումների, ինչպես նաև Հայաստան-սփյուռք հարաբերությունների մասին զրուցեցինք «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի հետ:
«Սփյուռքի հետ աշխատանքը բարդ աշխատանք է` հաշվի առնելով այն, որ սփյուռքն ինքը միատարր չէ: Հայկական գաղթօջախները շատ տարբեր են` աշխարհագրությամբ, Հայաստանի հետ իրենց կապերով, քաղաքական հայացքներով: Եվ սփյուռքի հետ աշխատանքներում այս ամենը պիտի հաշվի առնվի: Ի վերջո, ինքնանպատակ չէր այն, որ նախկինում Հայաստան-Սփյուռք աշխատանքների համակարգումը կազմակերպվում էր այնպես, որ որևէ կերպ այս կամ այն համայնքի ներգրավվածության տեսակետից անհամաչափության խնդիր չառաջանար:
Զարեհ Սինանյանի նշանակումը սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում հաշվի չառավ վերոնշյալ այդ մոտեցումը (չմոռանանք, որ պարոն Սինանյանը Գլենդելի նախկին քաղաքապետն է): Սակայն ավելի մտահոգիչ է հաջորդ նշանակումը: Ստացվեց, որ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի պաշտոնում ևս նշանակվեց ամերիկահայ համայնքը ներկայացնող Սառա Անջարգոլյանը: Կարծում եմ ավելի նպատակահարմար կլիներ սփյուռքի այլ գաղթօջախների ներգրավվածությունը ևս ապահովել այս նորաստեղծ կառույցի աշխատանքներում` առավել ևս, որ դժվար է պատկերացնել, թե Գլենդելի նախկին քաղաքապետը որքանով ընկալելի ու ընդունելի կլինի օրինակ` Ռուսաստանի, Իրանի, Եվրոպայի կամ այլ հայկական համայնքների համար: Նման հարցերը սփյուռքի հետ հարաբերությունների համատեքստում չի կարելի մանրուք համարել», – ամփոփեց փորձագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում