Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը հաստատեց՝ իր ու Արսեն Թորոսյանի հարաբերությունները լարված են
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Իմ ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հարաբերություններում կա որոշակի լարվածություն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը:
Նա նշեց՝ չի կարող հերքել, քանի որ այս մասին անընդհատ խոսվում է։
«Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում դրանք կհարթվեն», – ասաց Է. Խուրշուդյանը:
Դիտարկմանը, որ գարդասիլի վերաբերյալ իրենց տարածած հաղորդագրությունից հետո բարձրացվել է իր պաշտոնանկության հարցը, Էդգար Խուրշուդյանն արձագանքեց՝ այսօրվա դրությամբ իր պաշտոնանկության հարց չկա։
«Ես շարունակում եմ իրականացնել իմ գործառույթները», – ասաց նա:
Aysor.am-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի ու Թրոսյանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ հաշվեքննիչ պալատը ոլորտային զեկույց հրապարակեց, որտեղ, ի թիվս այլ թերությունների, նշվում էր, որ պետական պատվերի գումարների բաշխումը և այդ միջոցների նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է առողջապահության նախարարությունը, ինչն ուղղակի կոռուպցիոն ռիսկ է և առաջարկվում էր այդ վերահսկողությունը վերապահել տեսչական մարմնին, Էդգար Խուրշուդյանը պատասխանեց՝ այդ մասին նախարարի հետ խոսել են:
«Նախարարը ևս նշել է, որ արվում են որոշակի գործողություններ, կարող է նոր մարմին ձևավորվի, բայց այս պահի դրությամբ ոլորտի հսկողությունը տրված է տեսչական մարմնին», – ասաց նա:
Խուրշուդյանն ասաց, որ Արսեն Թորոսյանի հետ վերջին շփումը եղել է խորհրդի նիստի ժամանակ:
«Դրանից հետո որևէ շփում չենք ունեցել», – ասաց նա:
Հարցին՝ Արսեն Թորոսյանը խորհրդի նիտի ժամանակ ասե՞լ է՝ «քաղաքացուն պասլատ անեիր», Էդգար Խուրշուդյանը պատասխանեց, որ չի ցանկանում ասել՝ ինչ-որ մեկն ինչ է ասել:
«Հիմա, եթե ես կանգնեմ ասեմ, որ պարոն Թորոսյանն ինչ-որ բան է ասել, դա իմ սկզբունքներին դեմ է, եթե ասել է, հարցն ուղղեք իրեն, թող ինքն էլ ասի, ես չեմ ուզում դրան անդրադառնանք», – ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում