Yerevan
7
+24°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Մարությանի նախընտրական խոստումները որպես լավ «ռոլիկ» դիտվեցին, լավ «ռոլիկ» էլ մնացին. Ռ. Բաղդասարյան. (Տեսանյութ)

Մարությանի նախընտրական խոստումները որպես լավ «ռոլիկ» դիտվեցին, լավ «ռոլիկ» էլ մնացին. Ռ. Բաղդասարյան. (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱղբահանության ոլորտում ներկա իրավիճակն ամբողջությամբ նոր իշխանությունների կառավարման խնդրի պատճառով է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը:

««Սանիտեկի» և քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրում կա մի շատ հետաքրքիր կետ. «Սանիտեկի» ձախողվելու դեպքում քաղաքապետարանն իրավունք ունի մտնել «Սանիտեկի» գրասենյակ, դուրս հրավիրել կառավարիչներին, սեփականատերերին և կառավարումը վերցնել իր ձեռքը: Ամեն ինչ, ինչը տնօրինում է «Սանիտեկը», նա կարող է կառավարիչներին փոխել և կառավարումը վերցնել իր վրա»,- նշեց նա:

Աղբահանության խնդրի լուծման փոխարեն, ըստ Ռուսլան Բաղդասարյանի՝ քաղաքապետարանը «Սանիտեկին» ոչնչացնելու ճանապարհով է գնում, որի հետևանքով տուժում է երևանցին:

«8-10 մլն դոլարի ներդրում է արվել, 26 մեքենա է ձեռք բերել քաղաքապետարանը, բայց խնդիրը նորից չի լուծվում, «Սանիտեկը» նույն քանակի մեքենաներով կարողանում էր աշխատել: Քաղաքային իշխանությունը վատ բիզնես կառավարիչ է, և փող ծախսելով, «ԿամԱԶ» գնելով չեն կարողանալու խնդիրը լուծել: Այս ԿամԱԶ»-ները երկար կյանք չունեն: Իմ ունեցած տեղեկություններով՝ 1-2 մեքենա արդեն փչացել է, և չեն կարողանում վերանորոգել: Դեռ մեկ ամիս է, բա 6 ամիս հետո ի՞նչ է լինելու: Աղբահանության խնդիրն աչքի համար մի քանի ամսով լավանալու է, կարծում եմ, մարտ ամսից ավելի է վատանալու»,- ասաց Դավթաշենի նախկին ղեկավարը:

Ինչ վերաբերում է տրանսպորտային նոր ցանցի ներդրմանը, որը ևս «Իմ քայլը» դաշինքի նախընտրական խոստումներից էր, Ռուսլան Բաղդասարյանը նշեց. «Այդտեղից էլ հույս չունեմ ոչ մի: Անցյալ տարեվերջ կամ այս տարվա սկիզբ պետք է միջազգային մրցույթ հայտարարվեր, որպեսզի տրանսպորտի ամբողջ ցանցը փոխվեր: Իրենք հիմա նստել, քննարկում են այս կետը, այն կետը, բայց «ինչ-որ մետրո ենք կառուցելու» տարբերակն է: Հանրային խնդիրները չեն կարողանում լուծել, լուծման ձևը չգիտեն»:

Ռուսլան Բաղդասարյանի կարծիքով՝ խնդիրների հիմք է հանդիսանում կառավարման համակարգը, որը չի արդարացնում իրեն: Նախորդ քաղաքային իշխանությունների կառավարման ընթացքում համակարգային խնդիրները չէին երևում. կադրերի պրոֆեսիոնալիզմը համեմատաբար մեղմում էր օրենքի անկատարությունը. ««Ռուչնոյ ռեժիմը» լավ էր աշխատում, բայց մեզ պետք է ավտոմատ ռեժիմ: Եթե կադրը վատն է, համակարգն այդ ձախողումները մեղմի»,- ասաց նա:

«Այսօրվա քաղաքապետը եթե հրաժարական տա, խնդիրները չեն լուծվելու, գալու է մեկ ուրիշ «հայկ մարության»: Համակարգ է պետք ստեղծել Երևանում: Այսպիսի շատ մեծ լիազորություններով օժտված քաղաքապետ պետք է Երևանը չունենա, այդ լիազորությունները պետք է ուղղվեն իրենց ներքև գտնվող ենթակա օղակներ՝ վարչական շրջաններ, ընդհուպ՝ համատիրություններ, բայց դրանք կայացնելուց հետո»,- նկատեց Ռուսլան Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական մեկ այլ խոստման՝ վերելակների բարեկարգման ուղղությամբ ևս որևէ առաջընթաց չկա: Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ տարբերակներից մեկը հետևյալն է՝ քաղաքապետարանը գնի վերելակները, հետո բնակիչները տարիների ընթացքում մարեն գումարը: Առաջարկվող տարբերակի վերաբերյալ Ռուսլան Բաղդասարյանը նշեց. «Եթե թողնելու ենք բնակչի վրա, բնականաբար, պետք է թանկանա վերելակի վարձավճարը, որպեսզի այդ գումարները քաղաքապետարանը կարողանա հետ վերցնել: Նույն նախընտրական խոստումները ինչպես լավ «ռոլիկ» դիտվեցին, այդպես էլ լավ «ռոլիկ» մնացին, ինչպես մեր «Կարգին հաղորդման» շատ սկետչեր»:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում