Ռումինիայի խորհրդարանին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, որը եղել է Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի նախարարը (2006-2008 թթ., 2012-2013 թթ.) ելույթ է ունեցել Ռումինիայի Պատգամավորների պալատի լիագումար նիստում ու կոչ արել պատգամավորներին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Ինչպես գրում է ռումիանական Hot News-ը, հայտարարությունը Ոսկանյանն արել է Ռումինիայում Հրեական պատմության և Հոլոքոստի ազգային թանգարանի հիմնադրման մասին օրենքի նախագծի քննարկումների ժամանակ:
«Մենք Հոլոքոստի դատապարտման նկատմամբ միաձայն վերաբերմունք ունենք: Խնդրում ենք, Հայոց ցեղասպանության ճանաչումն ընդգրկել կուսակցությունների օրակարգում քաղաքական հայտարարության մեջ: Սա մի թեմա է, որից մինչ այժմ ռումինական կուսակցությունները խուսափել են: Խորհրդարաններ ամբողջ աշխարհից, Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայում խորհրդարանների մեծ մասը, հանդես են եկել այդպիսի Հայոց ցեղասպանության ճանաչման հայտարարություններով», – սեպտեմբերի 11-ին ասել է Ռումինիայի Հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:
Քաղաքական գործիչը նշել է, որ ոչ մի նման ողբերգություն «մայրենի լեզու չունի»:
«Երբ մենք խոսում ենք այսպիսի ողբերգության մասին, մենք միևնույն ժամանակ խոսում ենք աշխարհի բոլոր ողբերգությունների մասին, և ոչ մի նման ողբերգություն մայրենի լեզու չունի: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ Հոլոքոստի ճանաչումը պետք է ուղեկցվի սիմետրիկորեն Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական մոտեցմամբ, նույնիսկ եթե Ռումինիայում թանգարան չի լինի, քանի որ այդ ցեղասպանությունը տեղի չի ունեցել Ռումինիայի տարածքում, այլ, ընդհակառակը, Ռումինիայի տարածքը ապաստարան էր ցեղասպանությունից մազապուրծ եղածների համար», – ավելացրել է Ոսկանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում