Մեզ ցույց են տալիս, որ երկրում իրավական լուծումներն այլևս փակված են. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Մեզ դատարանից մղում են դուրս: Այսինքն` բառիս բուն իմաստով մեր նկատմամբ բիրտ ուժ է կիրառվում, մեզ ցույց են տալիս, որ երկրում իրավական լուծումներն այլևս փակված են, և դրանք պետք է ման գալ կամ փողոցում, կամ քաղաքական հարթակներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
«Բոլորիդ քաջ հայտնի է, որ Մանվել Գրիգորյանի կալանքի մեկ յոթերորդը ես կամավոր կրում եմ իր հետ` համոզված լինելով, որ մեղադրանքի առնվազն 90%-ը հերյուրանք է: Առայժմ ժամանակ ունեմ, դեռ կյանք ունեմ, ունեմ կեցվածք, որ նահանջելու տեղ չկա` ոչ տարիքս է ներում, ոչ էլ ապրելակերպս: Մենք կընդունենք այս մարտահրավերը և կձեռնարկենք բոլոր քայլերը, որոնք հնարավոր է այս պարագայում ձեռնարկել»,– ասաց նա:
Նա նշեց, թե ըստ դատարանի`պաշտպանները չարաշահում են իրավունքը, բայց իր խոսքով` այդպես չէ. «Մենք անգամ ցանկության դեպքում չենք կարող իրավունքը չարաշահել, որովհետև գործ ունենք ծանր հիվանդ պաշտպանյալի հետ»:
Մկրտչյանի կարծիքով` խնդիրը միայն իրավական չէ: Իր խոսքով` պաշտպանները բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել, որ դատարանը լսի բժշկական փորձագետներին, բայց դրանք մերժվել են:
«Գուցե մենք ընդունում էինք անգամ մեղադրանքի դիրքորոշումը, բայց մենք հարցեր ունենք, որոնց փորձաքննությունը չի պատասխանել: Փորձագետներին չլսելը, իմ կարծիքով, գործը տանում է դեպի արագ հանգուցալուծում, որ Մանվել Գրիգորյանը դատարանի կողմից և դատարանին հանձնարարություն տվողի կամ տվողների կողմից դիտարկվում է որպես նախկին օլիգարխ, և սխալմամբ է դիտարկվում, որովհետև իրականությունն այլ է, ես շատ ժամանակ եմ իր հետ անցկացնում և տիրապետում եմ մեծ ինֆորմացիայի:
Մանվել Գրիգորյանի համարձակությունը, խիզախությունը խառնել են ունեցվածքի հետ, և եթե մարդը համարձակ խոսել է, մտածել են` դե, հարուստ է: Միշտ մտածել են, թե եթե նախկինները միշտ համարձակ են իրենց պահում, ուրեմն`շատ փող ունեն, մինչդեռ փողը չէ ազատ խոսելու պատճառը»,-հայտարարեց Արսեն Մկրտչյանը:
Հիշեցնենք` այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում կայանում էր ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում