Գրաքննադատ. Մեր հանրության մեջ գրականությունը, ժամանակակից արվեստը շատ խորթ կարգավիճակում են

Գրաքննադատ. Մեր հանրության մեջ գրականությունը, ժամանակակից արվեստը շատ խորթ կարգավիճակում են

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: «Լավ գրողներն այսօր գիրք տպագրելու խնդիր չունեն»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը։

Նրա խոսքով, գրողը պետք է իմանա, որ լավ գրելը գիրք ունենալու միակ ճանապարհն է, հրատարակիչները հետևում են այդ գործընթացներին, ցանկացած լավ գրողի առջև նրանց դռները բաց են: Գրաքննադատն ասաց, որ թեև նախորդ տարիներին շատ աշխատանքներ տարվել են, բայց, այնուամենայնիվ, թարգմանական ռեսուրսների պակաս կա:

«Մենք այսօր կրկին ունենք գրական մթնոլորտի վերականգնման խնդիր: Կան շատ լավ երիտասարդներ, ընթերցողերն էլ լավն են, մնում է մթնոլորտը մի քիչ պարզվի, քաղաքականից զատ մի քիչ մշակութային կյանքով կարողանանք ապրենք: Ամիս չկա, որ հայ գրողի հեղինակությամբ մի լավ գիրք լույս չտեսնի»,- նշեց Ա. Նիկողոսյանը:

Նրա խոսքով, հայ ընթերցողը շատ յուրահատուկ է, վախենում է գլոբալ նորություններից, խիզախ չէ և ավելի շատ հանրային, շատ հայտնի անուններով գրքերն են գրավում, քան նորություններ, թեև ուրախությամբ ընդունում են նաև ոչ այդքան հանրահայտ հեղինակներին:

Գրաքննադատն ընդգծեց, որ այս փուլում շատ ավելի կարևորում է գիրք կարդալու փաստը, քան՝ թե ինչ գիրք են կարդում, քանի որ սերը գրքի, գրականության հանդեպ աստիճանաբար զարգացնելու և տանելու է դեպի մեծ գրքեր:

Ասուլիսին ներկա գրաքննադատ Հասմիկ Հակոբյանի խոսքով, 2010 թվականի համեմատ, երբ գիրքն ընկալվում էր որպես էկզոտիկ ինչ-որ բան, այսօր իրավիճակն այլ է, այսօր գրողները, առավել ևս երիտասարդները, կարող են հանգիստ տպագրվել:

«Մեր գրողներն, իրոք, տպագրվելու խնդիր չունեն: Միակ բանը, որի վրա պետք է պետական մակարդակով ուշադրություն դարձվի և ռեսուրսներն ավելի շատ այս ուղղությամբ ուղղվեն, գրականության հանրահռչակմանն ուղղված քայլերն են։

Հրատարակիչները հրատարակում են բոլոր գրքերը, բայց մեր հանրության մեջ գրականությունը, ժամանակակից արվեստը շատ խորթ կարգավիճակում են։ Ընդհանուր, մեծ միջոցառումներ պետք է կատարվեն, որպեսզի ժամանակակից արվեստն ու գրականությունը մարդկանց հասանելի դառնան: Դրանք բազմաֆունկցիոնալ պետք է լինեն, դպրոցից, կրթական համակարգից եկող քայլեր են պետք»,- ասաց Հ.Հակոբյանը:

Նա ուշադրություն հրավիրեց նաև մարզային, գյուղական, դպրոցական գրադարանների անմխիթար վիճակի վրա:

«Գրադարաններ կան, որտեղ վերջին 20 տարում գրեթե գիրք չի մտել: Եթե ուզում ենք գրականությունը տարածվի, պետք է պետական միջոցներով ուշադրություն դարձնենք գրադարանների համալրմանը։ Գուցե մարզաբնակները գիրք գնելու կարողություն չունեն, բայց հակապես դպրոցականները գրադարաններից կարող են օգտվել»,- ասաց գրաքննադատ Հասմիկ Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում