Չարենցավանում «նորացրել» են Չարենցի արձանը

Չարենցավանում «նորացրել» են Չարենցի արձանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Չարենցավանի քաղաքային այգում, թանգարանի մոտ գտնվող՝ Չարենցի արձանը ներկել են վարդագույն։

«Հետաքրքիր է, որ անճաշակն է «եվրանորոգել» Չարենցավանի զբոսայգում գտնվող Եղիշե Չարենցի արձանը։ Կոպիտ ասած, «պոլի» ներկով պատել են թուջե արձանը, «պոբելկա» էլ արել տուֆե պատվանդանը: Ուղղակի այդ խայտառակության հեղինակին տեղեկացնենք, որ արձանի հեղինակն է հայ մեծեր Հովհաննես Շիրազի եւ Սիլվա Կապուտիկյանի տաղանդավոր որդին՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Շիրազը ու նրա եւ Չարենցի հանդեպ արվածը պարզապես սրբապղծություն է»,- փաստը քաղաքացիների դատին է հանձնված ֆեյսբուքյան գրառմամբ։

Ծավալված բուռն քննարկումների մեջ Panorama.am–ը գտավ պաշտոնական պատասխան.

Սաթենիկ Բալաբեկյանը գրել է. «Ես ներկայացնում եմ Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական տեսակետը։ Այգու տարածքը վարձակալությամբ տրված է «Եղիցի լույս» ՍՊԸ-ին և արձանը ներկելու նախաձեռնությունը այս ընկերությանն է։

Նրանք արձանը ներկել են՝ առանց տեղյակ պահելու համայնքապետարանին, համայնքապետարանը ևս դատապարտում է այս վանդալիզմը։ Եթե համայնքապետարանը նման գործողություններով զբաղվեր, ապա նման կերպ կներկեր նաև համայնքի մյուս արձանները։

Այնպես որ առանց տեղյակ լինելու, պետք չէ անիմաստ գրառումներ ու քննարկումներ ծավալել։

Իսկ վերջում հավելեմ, որ համայնքապետարանն արդեն դիմել է դատարան՝ զբոսայգին վերադարձնելու համար։ Գործն արդեն դատական վարույթում է։ Զբոսայգին վերադարձնելուց հետո համայնքապետանը կձեռնարկի միջոցառումներ այս արձանը կարգի բերելու ուղղությամբ»։

Համայնքապետարանի պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտնել է, որ համայնքապետարանը չի կարող «դա վերանորոգել, որովհետև դա խիստ մասնագիտական է»։

«Մենք դիմել ենք հուշարձանների պահպանության կոմիտեին՝ մեզ օգնելու համար»,-գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում