Տերյանի հետ, Տերյանով ներշնչված

Տերյանի հետ, Տերյանով ներշնչված

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծագույն քնարերգու Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակը լրանում է փետրվարի 9-ին։ Տարիներ առաջ և տևական ժամանակ ինձ բախտ է վիճակվել այդ օրը նշելու Տերյանի դստեր՝ Նվարդի հարկի տակ, ուր ավանդույթի համաձայն հավաքվում էր հայ մտավորականության ընտրանին, Վահան Տերյանի պոեզիայի երկրպագուները։ Նման հավաքներից մեկից հետո ես գրեցի «Տերյանի հետ, Տերյանով ներշնչված» մանրապատումը, որն ուզում եմ ներկայացնել տերյանասեր գրասեր հասարակայնությանը։ Հուսով եմ, որ «վաղեմության ժամկետը» այս նյութի վրա չի տարածվի։ Ուրեմն, կարդացեք…

«Բարի ավանդույթ է դարձել ամեն տարի փետրվարի 9-ին, Վահան Տերյանի ծննդյան օրը, հավաքվել նրա դստեր՝ Նվարդ Տերյանի տանը։

Այս տարվա հավաքույթը հոբելյանական է. չէ որ բանաստեղծն այսօր կլիներ իննսուն տարեկան։ Նվարդի բնակարանում ամեն ինչ ներշնչված է Տերյանով։ Պատերին բանաստեղծի, նրա կնոջ՝ Անահիտի, հոր՝ տեր Սուքիասի լուսանկարներն են ու գեղանկարներ։ Ամենուր թարմ ծաղիկներ են։ Մթնոլորտը հագեցված է Տերյանով։

Ավանդույթ է նաև, որ Լենինի պողոտայում գտնվող այդ հյուրընկալ հարկը գալուց առաջ պոեզիայի երկրպագուները լինում են Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող քաղաքային Պանթեոնում, ուր թարմ ծաղիկներ են դնում Վահան Տերյանի սիմվոլիկ գերեզմանին (հայտնի է, որ բանաստեղծը մահացել է Օրենբուրգում և նա գերեզմանը չի պահպանվել)։ Այստեղ միշտ էլ թարմ ծաղիկներ են լինում։

Երևում է, որ ժողովուրդը հիշում և սիրում է իր մեծ զավակներին՝ Կոմիտասին, Իսահակյանին, Շիրվանզադեին, Տերյանին, Փափազյանին,Ներսիսյանին, որոնց գերեզմանները երջանիկ բերումով իրար կողքի են, երջանիկ, որովհետև մեկ անգամ այստեղ գալով՝ կարելի է մտովի հանդիպել բոլոր նշված երախտավորներին, խոնարհվել նրանց շիրիմներին։

Նվարդ Տերյանի հարկի տակ տեղի ունեցող բոլոր նման հանդիպումները վերածվում են յուրօրինակ «Տերյանական ընթերցումների», որոնց ոգին տանտիրուհին է։ Այդ օրը դրամատիկական թատրոնի դերասանը երգում է, արվեստաբանը՝ արտասանում, արտասանում է նաև երգչուհին։ Մի խոսքով, ամեն ոք անում է այն, ինչի ընդունակ է, կարևորը՝ որ հնչի Վահան Տերյանը։

…Խոսք է խնդրում սիրունատես մի աղջիկ։ Նրա անուն-ազգանունը Միրա Հովսեփյան է։ Բաքվից է եկել հատուկ այդ օրվա համար։ Արտասանում է «Մոռանալ» բանաստեղծությունը։ Արտասանում է և հուզվում, մի քիչ էլ ամաչում։ Պարզվում է, որ Միրան ընդամենը երեք տարի առաջ հայերեն ոչ մի բառ չգիտեր։ Ավարտել է ռուսական դպրոցը, մի քանի թարգմանություն էր կարդացել հայ բանաստեղծներից, այդ թվում՝ նաև Վահան Տերյանից։

Մի օր նրա ձեռքն է ընկնում Նվարդ Տերյանի կողմից հրատարակության պատրաստված՝

Վահան Տերյանի նամակները։ Կարդում է և… որոշում հայերեն սովորել՝ սիրելի բանաստեղծին անպայման բնագրով ընթերցելու համար։ Նա նաև բանաստեղծի դստեր հետ նամակագրական կապ է ստեղծում, մտերմանում։ Եվ ահա երկրորդ անգամ է նա գալիս Երևան՝ հատուկ այդ օրվա համար, ինչպես ինքն է ասում՝«Տերյանին Տերյանի լեզվով արտասանելու համար»։

Ընթերցումների թեժ պահին փոստատարը երկու հեռագիր է բերում։ Դրանք բանաստեղծի թոռներից են։ Մեկը ուղարկել է Վահանը, որն աշխատում է Եգիպտոսում, իսկ մյուսը նրա կրտսեր եղբորից է՝ Գրիգորից։ Նա Մոսկվայի համալսարանի ասպիրանտ է և այս օրերին զբաղված է քննություններով։

Բանասիրական հետաքրքիր մի հաղորդում է անում բանասիրական գիտությունների դոկտոր Ռաֆայել Իշխանյանը։ Հայտնի է, որ Վահան Տերյանը կնոջը՝ Անահիտին նվիրել էր Վալերի Բրյուսովի կազմած «Հայաստանի պոեզիա» անթոլոգիայի մի օրինակ, որի վրա իր ձեռքով գրել էր.«Թող հար ցամաքեն անոթներս արյան» տողը։ Երկար տարիներ ոչ ոք չի կարողացել լուծել այդ տողի առեղծվածը։ Ռաֆայել Իշխանյանին հաջողվել է պարզել, որ այդ տողը վերցված է ռուս մեծ բանաստեղծ Ֆեոդոր Տյուտչևի «Վերջին սերը» բանաստեղծությունից։ Հավանաբար, Տերյանը սիրված գրողից վերցրած այս տողով ուզեցել է մեկ անգամ ևս հավաստել Անահիտին, որ նա իր վերջին սերն է։

Ի դեպ, Տյուտչևի այդ բանաստեղծությունն օրերս տպագրվել էր Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժ» թերթում։ Այն թարգմանել է Տերյանի հորաքրոջ թոռը՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Սլավիկ Չարխոյանը։

Լազարյան ճեմարանի սան Վահան Տերյանի մասին հուշեր պատմեց նրա մերձավոր ազգականներից մեկը՝ Սիլվա Նալբանդյանը (ի դեպ, ռուս անվանի բանաստեղծ Բուլատ Օկուջավայի մորաքույրը)։ Այդ սպիտակահեր կնոջ պատմածից ներկաները կարողացան պատկերացում կազմել տակավին պատանի Վահան Տերյանի մասին, նրա հայրենասիրության ու մարդասիրության մասին։

Հանրությանը հայտնի է, թե ինչպիսի սիրով է կապված եղել Վահան Տերյանը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, նրա ընտանիքի հետ։ Մինչև օրս այդ բարեկամությունը շարունակվում է։ Թումանյանական բոլոր հավաքներին անպայման լինում է Նվարդ Տերյանը, իսկ Նվարդի տանը՝ մեկը Թումանյանների գերդաստանից։

Այս անգամ Թումանյաններին ներկայացնում էր բանաստեղծի եղբոր աղջիկը՝ Վարսենիկ Թումանյանը։ Նա, որ մանկուց հրապուրված է եղել Տերյանի բանաստեղծություններով, պատմեց մի քանի դրվագ Թումանյանի կյանքի վերջին ամիսներից, մասնավորապես, այն օրերից, երբ մեծ բանաստեղծը նախապատրաստվում էր Մոսկվա մեկնելու։ Այդ օրերին նրա վիճակը ծանր է, և զավակներից որևէ մեկը հերթապահում էր գրողի անկողնու մոտ։Հենց գալիս է Վարսիկի հերթապահության ժամը, վերջինս հիվանդ հորեղբոր խնդրանքով արտասանում էր Վահան Տերյան։ Վարսենիկ Թումանյանի վկայությամբ, Հովհաննես Թումանյանն այդ պահերին հանգստանում էր։ Նա շատ էր սիրում Տերյանին։

Մենք լսում էինք կլանված։ Էլ ե՞րբ կներկայանա հարմար առիթ մեր մեծերի կյանքից նման մանրամասներ լսելու։

Հուշերից հետո նորից ենք անդրադառնում պոեզիային։ Տերյան է արտասանում արվեստագիտության թեկնածու Լևոն Խալաթյանը,ապա Ղափլանյանի անվան թատրոնի դերասանուհի Անելկա Պետրոսյանը, շեքսպիրագետ Բյուրակն Անդրեասյանը, իսկ Երևանի Վահան Տերյանի անվան դպրոցի մանկավարժներից մեկը կատարում է Նիկոլ Գալանտերյանի երգերից մեկը՝ գրված Վահան Տերյանի խոսքերով:

Աննկատելիորեն թռչում է ժամանակը։ Անցնում են այն մի քանի ժամերը, որ ներկաներն անցկացնում են Նվարդ Տերյանի հյուրընկալ հարկի տակ, որտեղ ամեն ինչ շնչում է Տերյանով, ուր կարելի է գալ ուզած պահին և որտեղ ձեզ կդիմավորի բանաստեղծի միակ դուստրը, որն իր ժամանակը ահա մի քանի տարի է , ինչ նվիրում է հոր ժառանգության, մասնավորապես, նրա նամակների կարգավորմանն ու տպագրմանը։

1975 թ. 10 փետրվարի

Լևոն Ազրոյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում