Ռուբեն Որբերյան․ Փոխարեն
Նմանատիպ
Քսանութն անցան տարիք սրընթաց
Այսօր նորեն քովս կուգան համրորեն
Կը հարցունեմ իրենց. «Գարունն ո՞ւր մնաց»,
Քեզ ի՞նչ տվի անուշ սրտիդ փոխարեն,
– Իմ աչքերս արտասվաթաց…
Անապատին մեջ շինեցինք սիրո բույն՝
Հեռու բաղդին մրրիկներեն, հովերեն,
Կյանքի գինովն եղա հինդից ես հանգույն,
Այլ ի՞նչ տվի արի հոգվույդ փոխարեն,
– Իմ երազներս մոլորուն…
Մեխակները թիթեռներուն կուտան բույր,
Սոխակին երգն անբաժան է վարդերեն,
Մանկան ժպտին մոտ կը փթթի մորն համբույր,
Ես ի՞նչ տվի էությանդ փոխարեն,
– Տրտում երգեր սիրատխուր…
Դարձեք պահիկ մ’հին սլացքներս անցյալին,
Մոխիրներու տակեն կայծեր թող շողան,
Մութ գիշերին վերև աստղերը փայլին,
Աղավնյակի քու նայվածքիդ ես փոխան
– Տամ իտեալս հավերժական…
Կյանքիս աշնան բուրաստանեն դալկահար
Մանիշակի կապեցի փունջ մ’երազուն,
Ուրիշները կը բաժնին բաղդն իբր ավար,
Ինչո՞ւ մնանք անբաժին, իմ սիրասուն,
Զավակներուս քաղցրիկ մայր…