«Հրաշքը ոչ թե մեծ գործերում է, այլ նրանում, թե ինչպես է չար մարդը վերափոխվում»
Նմանատիպ
անվանեց նաև Իր հետևորդներին. «Լույսն աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան Լույսը, որովհետև չարություն էին գործում» (Հովհ. 3:19):
Մեղքն ամեն անգամ խամրեցնում ու խավարեցնում է մարդկային կյանքը՝ թույլ չտալով, որ մարդը ճանաչի իրեն և իր կոչումը: Յուրաքանչյուր ոք աշխարհ է գալիս որևէ առաքելությամբ, յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր և իրեն շրջապատող մարդկանց կյանքի համար: Երբեմն մարդը, խուսափելով պատասխանատվությունից, մեղքի իր բաժինն ուրիշի վրա է բարդում, ինչից առաջ է գալիս միայն վեճ ու բաժանում, իսկ իր սխալը գիտակցող և ապաշխարող անձը կարողանում է դրականորեն ազդել իր միջավայրի վրա: Մարդը, ամեն օր հաղորդակցվելով իր նմանի հետ, կարող է իրեն ինչպես լավ, այնպես էլ վատ առումով բացահայտել: Ցավալիորեն, մարդիկ հաճախ չեն գիտակցում իրենց հոգու արժեքը, չեն տեսնում իրենց մեջ գտնվող լույսն ու բարությունը, աստվածապարգև շնորհները, որոնք մեղքից չեզոքանում են խավարած աշխարհում: Այնինչ, իրեն բացահայտելով՝ մարդը նպաստում է նաև իրեն շրջապատող մարդկանց բացահայտմանը: Առողջ փոխհաղորդակցությամբ մարդիկ ինքնաճանաչման են հասնում, հարստացնում են իրենց հոգին, բացահայտում իրենց շնորհները և հաղթահարում բաժանումները:
Միմյանց նկատմամբ ուշադիր հոգիներն անպատճառ տեսնում են այն լույսն ու բարին, որ կա յուրաքանչյուրի հոգուց ներս: Սովորաբար, մարդիկ ջանք չեն թափում՝ բացահայտելու դիմացինի էությունն իր ողջ խորությամբ, իսկ որոշ թերություններ տեսնելով՝ սկսում են դատել միմյանց՝ աստիճանաբար խորացնելով առաջ եկած բաժանումը: Զրուցել այն մարդու հետ, որի մասին կանխակալ կարծիք ունես, շատ դժվար է, բայց այդ դժվարությունն է, որ պետք է մարդիկ հաղթահարեն Աստծո օգնությամբ: Աստծո կամքն է մարդկանց տեսնել սիրո շուրջ միավորված: Բաժանումը հաղթահարելով՝ մարդիկ ճանաչում են միմյանց այդ միության մեջ, ճանաչում են միմյանց շնորհները, որը նրանց ուժ և բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորություն է տալիս: Մեղքը բաժանեց մարդկային ցեղը, իսկ մեղքի հաղթահարումով մարդիկ միավորվում են՝ վերադառնալով նախնական լիարժեք միությանը՝ ամբողջական ու առողջ օրգանիզմին: Բաժանումներն աղճատում են մարդկային կյանքը: Փոխհաղորդակցությունն աստվածային մի պարգև է, և մարդիկ ջանք ու եռանդ չպետք է խնայեն, որպեսզի պայքարեն միությունը խաթարող պատճառների դեմ: Լինի ընտանիքում, թե հասարակության մեջ մարդիկ կոչված են՝ միմյանց լուսավորելու և հարստացնելու՝ նպաստելով միմյանց հոգևոր կյանքի ծաղկմանը: Յուրաքանչյուր անձ անկրկնելի է և եթե իր հոգևոր հարստությունն ի հայտ չբերի և չգործածի, ապա վաղ թե ուշ հոգևոր մահ կունենա: Այդ պատճառով անհրաժեշտ է հոգալ հոգևոր աշխարհի մասին և թույլ տալ, որ աստվածային լույսն անարգել շողարձակի ու չանհետանա:
Մեղքի դեմ պայքարելով՝ մարդիկ նոր կյանք են մուտք գործում, բացահայտում ու բազմացնում են իրենց շնորհները, թեև որոշները երբեմն ասում են, թե որևէ շնորհ չունեն, բայց մոռանում են, որ Աստված բոլորին շնորհել է Սուրբ Հոգու պտուղները, որ առավել կարևոր են, և որոնք են՝ սերը, ուրախությունը, խաղաղությունը, համբերատարությունը, ազնվությունը, բարությունը, հավատարմությունը, հեզությունը, ժուժկալությունը (Գաղատ. 5:22-24):
Շատ հաճախ մարդիկ զլանում են փնտրել այն, ինչ Աստծուց է և ինչը կարող է իրենց միավորել: Նրանք ուրախությունը միայն դրսից են սպասում, իսկ այն, ինչ ունեն իրենց ներսում, չեն նկատում: Յուրաքանչյուրն իր սրտում հոգևոր գանձ ունի, մարդիկ հարստություն ու գանձ են փնտրում, բայց ոչ հոգևորը, որի փնտրտուքը մեծ ջանք ու եռանդ է պահանջում և որն իրապես է հարստացնում:
Մեղքի պատճառով խավարի մեջ հայտնվելով՝ մարդիկ մոլորվում են մանրուքների մեջ, սկսում են վիճաբանել՝ կորցնելով օրը լիարժեք ապրելու հնարավորությունը, իսկ եթե փորձեն հաղթահարել իրենց ներսի խավարը, ապա ավելի լուսավոր կդարձնեն իրենց շուրջը: Ըստ Ս. Հովհան Ոսկեբերանի՝ հրաշքը ոչ թե մեծ գործերում է, այլ նրանում, թե ինչպես է չար մարդը վերափոխվում: Պետք է կարողանալ մարդկային փոխհարաբերությունները լուսավորել Քրիստոսի ճշմարտությամբ, որպեսզի այն բարիք բերի բոլորին, քանի որ Տերն աշխարհ եկավ, որպեսզի ով որ Իրեն հավատա, խավարում չմնա (Հոհվ. 12:46):
Տիրոջ պատգամների և սիրո շուրջ միավորված մարդիկ դեպի Երկինք, դեպի Աստված են ընթանում, այդ միությունը կյանք է պարգևում, իսկ բաժանումը՝ մահ: Մարդիկ ստեղծված են աստվածային պատկերով և այդ պատկերն է, որ միավորում է մարդկանց, ինչի համար Քրիստոս աղոթում էր Երկնավոր Հորը և ասում. «Աղոթում եմ, որ նրանք բոլորն էլ մի լինեն, ինչպես որ դու, ո՛վ Հայր, Իմ մեջ ես, և Ես՝ Քո մեջ, այնպես էլ նրանք լինեն Մեր մեջ» (Հովհ. 17:21):
Կարինե Սուգիկյան
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում